l

lifestyle

«Մարմնի մոդելավորումը հիմնական թրենդն է, թե´կանանց և թե´ տղամարդկանց շրջանում». պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյան

Դու՞ք էլ եք նկատել, որ պլաստիկ վիրահատության թրենդները փոխվել են ու եթե կար ժամանակ, որ հիմնականում քթի վիրահատություն էին անում, հիմա արդեն դիմում են պլաստիկ վիրահատության մարմնի գրեթե բոլոր հատվածների համար։ Էս թեմայի վերաբերյալ շատ հարցեր ունեի ու դրանց պատասխանները իմանալու համար գնացի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ զրուցելու պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հետ։ 

  • Կամո Թովմասյան

 Եթե երբևէ մտածել եք պլաստիկ վիրաբուժության մասին ու փորձել եք բժիշկ փնտրել, հաստատ տեսել եք նաև Արշակ Մնացականյանի անունը։ Բազմաթիվ մրցանակների արժանացած պարոն Մնացականյանը կատարել է ավելի քան 5000 վիրահատություններ իր գործունեության ընթացքում։ Նա նաև  «Աստղիկ» բժշկական կենտրոնի պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է։ Նրա հետ զրուցել ենք պլաստիկ վիրաբուժության, դրա տեսակների, այս ոլորտում նոր թրենդների, վերապատրաստումների, բժշկական տուրիզմի, ճիշտ բժիշկ ընտրելու և այլ թեմաների շուրջ, որոնք կապված են պլաստիկ վիրահատությունների հետ։

Արշակ Մնացականյանի աշխատանքաներին հետևելու համար կարող եք միանալ նրա ինստագրմյան էջին՝ 

IG/arshakmn

 1. Պարոն Մնացականյան, քանի՞ տարի եք գործունեություն ծավալում այս ոլորտում և արդյոք վարու՞մ եք կատարած վիրահատությունների ժամանակացույց. քանի՞սն եք արել մինչ օրս։

- Իմ բժշկական գործունեությունը սկսվել է 2011 թվականից և շարունակվում է մինչ օրս: Արդեն 10 տարուց ավել է` տարեկան 400-500 վիրահատություններ եմ կատարում։ Ընդ որում նշեմ, որ սկզբնական ժամանակաշրջանում վիրահատությունների գերակշիռ մասը ռինոպլաստիկան էր, իսկ վերջին տարիների տենդենցը առավելապես մարմնի մոդելավորման ուղղությամբ է, այսինքն՝ աբդոմինոպլաստիկայի, կրծքերի վիրահատության՝ մամոպլաստիկայի և այլ՝ արդեն նոր, թրենդային վիրահատությունների։

2. Արդյոք տարիների փորձ ունեցող վիրաբույժը կամ Ձեր թիմի անդամները պե՞տք է վերապատրաստվեն և մասնակցեն միջազգային վերապատրաստման սեմինարների։

- Միանշանակ: Ամենամյա վերապատրաստումները պարտադիր են, որովհետև ժամանակի ընթացքում և՛ բժշկական ուղեցույցներն են փոխվում, և՛ անվտանգության նոր ուղեցույցներ են մշակվում, ինչպես նաև նոր, ինովացիոն վիրահատություններ են ի հայտ գալիս։ Ուստի մենք ամեն տարի մասնակցում ենք ինչպես միջազգային կոնֆերանսներին, այնպես էլ թրեյնինգներին: Բացի այդ համագործակցում ենք Հայդելբերգի համալսարանական կլինիկայի, ինչպես նաև Marbella Cirumed Clinic-ի հետ։ 

3. Վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժության ոլորտում պահանջարկը մեզ մոտ ևս կտրուկ աճեց: Ի՞նչ խնդիրներով են հաճախակի դիմում Ձեզ այսօր։ Որո՞նք են ամենապահանջված բժշկական միջամտությունները Ձեր դեպքում։

- Ինչպես արդեն նշեցի, այժմ գերակայում են մարմնի մոդելավորմանն ուղղված վիրահատությունները՝ լիպոսակցիան, լիպոֆիլինգը, տարբեր հատվածների դեֆեկտների լրացումը՝ իմպլանտների և սեփական ճարպի միջոցով։

4. Բազմիցս լսել եմ Ձեր ինովացիոն մոտեցման և տարբերվող ձեռագրի մասին: Ո՞րն է Ձեր կողմից կատարված վիրահատման մեթոդի առանձնահատկությունը։

- Հիմնական նորամուծությունը կամ տարբերվող ձեռագիրը պայմանավորված է հատկապես հարավամերիկյան և եվրոպական դպրոցի որոշ ներկայացուցիչների կատարած վիրահատությունների մեթոդիկայի կիրառման առանձնահատկություներով: Այսինքն՝ լիպոսակցիան, լիպոֆիլինգը կատարվում է ուլտրաձայնային անմիջական հսկողության տակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ կատարել ներարկումները, նվազեցնել պացիենտի առողջության համար վտանգավոր զարգացումները, մարմնի յուրաքանչյուր սանտիմետրի հստակ համաչափություն ապահովել: Մեկ նախադասությամբ կարելի է նկարագրել` անվտանգություն և էսթետիկա: Բայց այդ վայրկյանում արտաբերվող նախադասությունը ստանալու համար մենք աշխատում ենք տևական ժամեր: Վիրահատությունները միջինում տևում են 4-7 ժամ: Հաճախ` 8-10 ժամ: Կախված մարմնի ձևից , քաշից, մարմնի մասերի կառուցվածքից: 

5. Դուք ընդունում եք պացիենտներին «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որի փոխտնօրենն եք նաև: Ինչպիսի՞ զինվածություն ունի կենտրոնը տեխնիկական առումով և ի՞նչ նյութերով եք հիմնականում աշխատում:

- «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ինչպես գիտենք, վերջին տարում արժանացավ ամերիկյան JCI ստանդարտի ակրեդիտացմանը։ Այսինքն՝ դա պացիենտների անվտանգության և սպասարկման որակի բարձրագույն գնահատականն է։ Ի դեպ Հայաստանում միակ Բժշկական կենտրոնն է, որ ունի որակի այդ հավաստագրումը: Զինվածության մասով նշեմ, որ կենտրոնը հագեցած է լիպոսակցիայի մի քանի տեսակի ապարատներով, որոնք վիբրացիոն են և շատ անվտանգ պացիենտների համար: Բացի այդ ունենք նաև լիֆթինգի, մաշկի ձգման ապարատներ և անհատական ուլտրաձայնային դիստանցիոն՝ անլար սարքեր, որոնք հնարավորություն է տալիս վիրահատությունը կատարել մաքսիմալ անվտանգ և ճշգրիտ եղանակով։ 

Արշակ Մնացականյանը կնոջ՝ Արփինե Հովհաննիսյանի հետ

6. Կարծում եմ՝ կանայք ավելի հաճախ են դիմում Ձեզ: Ի՞նչ խնդիրներով են այսօր դիմում Ձեզ տղամարդ պացիենտները և ինչպե՞ս եք վերաբերվում արական սեռի կողմից նման միջամտության դիմելու թրենդին:

- Եթե նախկինում տղամարդկանց մեծամասնությունը դիմում էր քթի պլաստիկ վիրահատության կամ միջնապատի վիրահատության համար, ապա վերջին շրջանում մեզ դիմում են նաև մարմնի մոդելավորման նպատակով: Հատկապես, այսպես կոչված՝ «կուբիկներ» կամ սպորտային մարմին ստանալու համար, որը մենք հնարավորություն ունենք ստանալ՝ անմիջապես մկանի մեջ կատարվող ներարկման միջոցով։ Այսինքն` գերճշգրիտ եղանակով նախապես մշակելով ճարպը և ներարկելով ուլտրաձայնի հսկողության տակ։

7. Իսկ որքա՞ն հաճախ են դիմում Ձեզ ռելոկանտները կամ պարզապես զբոսաշրջիկները: Որքան գիտեմ՝ հատկապես ՌԴ-ից կանայք հաճախ են ժամանում Հայաստան՝ «նոր մարմին» ձեռք բերելու ակնկալիքով:

- Մեզ իհարկե բավական հաճախ դիմում են նաև ռելոկանտները, բայց գերակայում են այսպես ասած բժշկական տուրիզմի նպատակով վիրահատվողները։ Մասնավորապես` շատ են պացիենտները Արաբական Էմիրություններից, Եվրոպայից, ԱՄՆ-ից։ Նրանց այցելության հիմնական նպատակը բժշկական միջամտություն ստանալն է, դրան զուգահեռ Հայաստանին ծանոթանալը: 

8. Պլաստիկ վիրաբուժության ոլորտում այսօր մեծ դեր են խաղում նաև սոցիալական ցանցերը: Որքանո՞վ եք ակտիվ համացանցում և արդյո՞ք անվանի բժիշկը կարիք ունի համացանցային ակտիվության՝ նոր պացիենտներ գրավելու համար:

- Անկասկած, սոցիալական էջերը շատ մեծ դեր են խաղում, հատկապես ինստագրամը։ Իմ էջում բավական ակտիվ կերպով` ամենօրյա սթորիներով, ինչպես նաև փոստերով և ռիլերով փորձում եմ ներկայացնել պատկերը վիրահատությունից առաջ և վիրահատությունից անմիջապես հետո: Ներկայացնում ենք նաև որոշակի ժամանակահատվածի և մեկ տարի անց արված ֆոտոներն ու վիդեոները, որպեսզի պոտենցիալ պացիենտները հնարավորություն ունենան գնահատել և տեսնել արդյունքները։ Չէի ասի, որ ինստագրամը ուղղակիորեն օգտագործվում է նոր պացիենտ որոնելու համար, բայց այն հարթակ է, որտեղ քո ու քո աշխատանքի կարիքն ունեցող մարդուն առավելի հասանելի ես դարձնում այն,ինչ իրեն կարող է հետաքրքրել: Ինչպես ծառայությունների մատուցման այլ ոլորտներում ևս, պոտենցիալ սպառողը ցանկանում է, որ իրեն առաջարկեն ու պատմեն իրեն անհրաժեշտ կամ հետաքրքիր ապրանքի կամ ծառայության մասին, ինքն էլ ընտրի: Կյանքի ռիթմն է այդպիսին:

9. Կա՞ն արդյոք անսպասելի ցանկություններ դիմողների կողմից։ Կարծում եմ՝ հաճախ կլինեն նաև դեպքերը, երբ Դուք պարզապես մերժում եք դիմողին՝ տեղին չհամարելով նշված փոփոխությունը։

- Այո՛, շատ հաճախ դիմում են պացիենտներ, որոնք անսպասելի ցանկություններ են ունենում:  Կարծում եմ՝ այդ հարցում շատ մեծ է սոցիալական ցանցերի ազդեցությունը։ Այսինքն՝ 18-20 տարեկան, դեռևս կյանք չմտած երիտասարդ աղջիկներին թվում է, որ իդեալական մարմին ստանալը պետք է լինի ամեն գնով։ Շատ դեպքերում նրանց մերժում եմ, հատկապես երբ դիմում են չամուսնացած երիտասարդ աղջիկներ՝ կրծքերի փոքրացման և ձգման խնդրանքով: Խնդիրն այն է, որ նման վիրահատությունների շատ ավելի ցանկալի է դիմել հղիությունից և ծննդաբերությունից հետո։ 

 10. Ինչ եք կարծում՝ մոտակա 5 տարիների ընթացքում ի՞նչ կկատարվի վիրաբուժության ոլորտում: Ո՞ր միջամտությունները կդառնան ավելի պահանջված: Գուցե, կհայտնվեն նո՞ր թրենդեր այս ոլորտում: Ունե՞ք արդյոք հեռանկարային պլաններ Ձեր ոլորտում:

- Կարծում եմ՝ ինչպես վերջին 10 տարվա ընթացքում, այնպես էլ ապագա 5-10 տարիների ընթացքում փոփոխությունները հսկայական կլինեն, քանի որ նորանոր սարքավորումներ են ի հայտ գալիս և արդեն բջջային մակարդակով են գործում դրանց ազդեցությունները։ Մարմնի մոդելավորման ուղղությամբ թրենդներն առավել մեծ տարածում կստանան: Մենք պլաններ շատ ունենք: Հաջորդ տարի մեր պացիենտներին անակնկալ է սպասվում:

11. Վերջում ամենակարևոր հարցը. Ինչպե՞ս չսխալվել կենտրոնի և հենց մասնագետի ընտրության հարցում: Պե՞տք է արդյոք դիմել և համեմատել տարբեր մասնագետների կամ պարզապես վստահել մտերիմների խորհրդին: ԻՆչպե՞ս հասկանալ, որ կարելի է վստահել մարմինը հենց այս մասնագետին:

- Կարևոր ու բարդ հարց եք տալիս: Ամեն տեղ ու ամեն ինչ գովազդելու, ինստաաղջիկների, «պարտադրված» ստանդարտների ու ահռելի ինֆորմացիայի ժամանակաշրջանում չափազանց բարդ է կողմնորոշվել այդպիսի ընտրության հարցում, հատկապես եթե փորձառություն ունեցող մտերիմ չունես, բայց դա ևս երաշխիք չէ: Ինստագրամյան էջերն ու գովազդը հավասարության նշան են դնում բոլորի ու ամեն ինչի միջև: Նախ ասեմ` ինչով երբեք չառաջնորդվել` եթե գինը ամենաթանկն է, չի նշանակում` մասնագետն ամենալավն է, եթե գինը ամենահարմարն է, չի նշանակում մասնագետը բարեխիղճ ու պրոֆեսիոնալ է, ու եթե ձեր բոլոր հարցերին հաստատ ու հարյուր տոկոսանոց «այո» պատասխանն եք լսել, չի նշանակում, որ արդյունքը ևս հարյուրտոկոսանոց է լինելու: Պետք է չզլանալ և ուշադրություն դարձել ինչպիսի սարքավորումներ են, ինչ տեխնիկական պարամետրերով, ինչպիսի մարդկային և տեխնիկական հագեցվածություն ունի ԲԿ: Ահռելի, ես կասեի կենսական նշանակություն ունի բժշկական կենտրոնում ռեանիմաատոլոգների և հարակից մասնագետների ներկայությունը, որովհետև մեծ պլաստիկ վիրահատությունները ընթանում են արյան բավական մեծ կորստով և չեն բացառվում նաև ընթացիկ բարդություններ, իսկ դա հնարավոր է կանխարգելել մեծ թիմի շնորհիվ։

Արշակ Մնացականյանի աշխատանքաներին հետևելու համար կարող եք միանալ նրա ինստագրմայն էջին՝ IG/arshakmn

 

 

back-top