Թատրոնի ցուցասրահում ներկայացվեց յուրօրինակ էքսպոզիցիա, որը պատմական էքսկուրս էր՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած՝ «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին: Հանդիսատեսն ու ընթերցողը հեղինակի խոսքերով ծանոթացան դերասանի և հանդիսատեսի նույնականացման սիստեմին, որ արտացոլված է թատրոնի խորհրդանիշի վրա, կբացահայտեն Արա Երնջակյանի դրամատուրգիան, որ արտահայտվում է նրա հեղինակային պիեսներում:
Միջոցառման կուլմինացիան «Երկաթ» մրցանակաբաշխություն էր: 9 պատվավոր մրցանակները շնորհվեցին այն մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում եղել են Կամերային թատրոնի կողքին: Նրանք հավատացել են Արա Երնջակյանի և նրա համախոհների երազանքին և բոլոր հնարավոր միջոցներով աջակցել են թատրոնին: Երախտիքի մրցանակներ կհանձնվեն բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին: Ի դեպ, երեկոյի ընթացքում Արա Երնջակյանը արժանացավ Ոսկե մեդալի ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
Կամերային թատրոնի հարակից տարածքում բացվեց նաև Աստղային ճեմուղի: Առաջին աստղերը նվիրված էին թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին: Իսկ միջոցառման ավարտին էլ բոլոր հյուրերին ներկայացվեց թատրոնի նոր մասնաշենքը: Ավելի մանրամասնորեն կարող եք հետևել միջոցառմանն իմ ինստասթորիներում: