Հանրայնացման արշավի շրջանակներում, իհարկե, բազում միջոցառումներ են իրականացվում, բայց ինձ հատկապես հետաքրքրեցին Կանաչ հանգստյան օրերը, որոնք անց են կացվում երևանյան խոշոր առևտրային կենտրոններում:
Այստեղ մոլի հաճախորդները կանաչ մարկետներում ծանոթանում են օրգանական/կանաչ մթերքներին, փորձում են, անգամ` ցանկության դեպքում գնումներ են կատարում, նրանց պատմում են կանաչ գյուղատնտեսության և դրա կարևորության մասին: Նաև գեղեցիկ կանաչ ֆոտո անկյուն կա, որտեղ նկարվելով այցելուները մասնակցում են մրցույթի և հաղթում են Դիլիջանում երկօրյա հանգստի ուղեգիր, իսկ ամբողջ մոլի տարածքում տեղադրված են «համեղ» լուսանկարներ, որոնցում պատկերված են կանաչ մթերքներ: Անցնելով լուսանկարների վրայի QR-ով` այցելուները հայտնվում են նախագծի ինստագրամյան էջում, որտեղ տարբեր հրապարակումներում պատմվում է հենց կանաչ գյուղատնտեսության և կանաչ կենսակերպի մասին:
Ի՞ՆՉ Է ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ավելի առողջարար սնունդ, բնության հանդեպ հոգատարություն ու արդյունավետ զարգացում մեր երկրի ստեղծարար գյուղերի համար:
ԱՎԵԼԻ ՕԳՏԱԿԱՐ ՄԹԵՐՔ
Կանաչ գյուղատնտեսությունը բացառում է կամ նվազագույնի է հասցնում սինթետիկ/հանքային պարարտանյութերի ու թունաքիմիկատների օգտագործումը: Արդյունքում դու կարող ես վայելել ավելի առողջ, անվտանգ ու օգտակար մթերք` դրա բնական հատկությունների առավելագույն պահպանմամբ:
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Կանաչ գյուղատնտեսությունը փորձում է նվազագույնի հասցնել բնության վրա բացասական ազդեցությունը։ Արդյունքում՝ ածխածնի արտանետումների կրճատում, մաքուր օդ և որակյալ ջուր, պահպանված լիքը սիրուն ու օգտակար կենդանիներ, թռչուններ, միջատներ, բարձրակարգ հող և այլն: Ուստի, քո կանաչ ընտրությամբ դու տալիս ես քո հաջորդ սերունդներին հնարավորություն` ապրելու ավելի առողջ, վայելելու առատ բերք ու բարիք տարիներ շարունակ:
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Կանաչ գյուղատնտեսությունը խրախուսում է կիրառել գյուղատնտեսության վարման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ ֆերմերները խնայում են ֆինանսներ և ժամանակ, կարողանում են իրենց ռեսուրսներն ուղղել գյուղատնտեսական գործունեության բազմազանեցմանը, օրինակ` ագրոտուրիզմի կամ էկոտուրիզմի զարգացմանը: Այսպիսով, քո ընտրությամբ յուրաքանչյուր օր աջակցում ես գյուղական բնակավայրերի բարգավաճմանը, մեր երկրի հավասարաչափ զարգացմանը, սոցիալական հավասարության խթանմանը և աղքատության կրճատմանը:
Ինչ ուտել` առողջ լինելու համար. սովորի'ր տարբերակել մշակման մեթոդները
Բանջարեղենն ու մրգերն առողջ սննդակարգի կարևոր մասն են, իսկ դրանց բազմազանությունը նույնքան կարևոր է, որքան քանակը: Ոչ մի միրգ կամ բանջարեղեն միայնակ չի ապահովում այն բոլոր սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են մեզ առողջ լինելու համար: Այնպես որ, պետք է փորձել հագեցնել սննդակարգը բազում, առողջարար և մաքուր մթերքներով և սպառել դրանք ամեն օր: Ահա այս խորհուրդները մենք լսում ենք գրեթե ամեն օր սննդաբաններից, բժիշկներից, ծնողներից և անգամ` հարևաններից: Եկե'ք հասկանանք, թե ինչում է կայանում մրգի և բանջարեղենի կարևորությունը և կամ ինչպես ընտրել դրանք` լավագույն արդյունք ունենալու համար:
Բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել արյան ճնշումը, նվազեցնել սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկը, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը, դրական ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի պարունակության վրա և վերահսկել ախորժակը: Օրինակ, օսլա չպարունակող բանջարեղենի և մրգերի օգտագործումը, ինչպիսիք են խնձորը, տանձը և կանաչ տերևավոր բանջարեղենները, կարող են նույնիսկ նպաստել քաշի կորստին: Վերջիններիս ցածր գլիկեմիկ բեռնվածությունը կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի աճը, որը պատճառ է սովի զգացման առաջացմանը:
Հասկանալի է, որ մրգերի ու բանջարեղենի սպառումն իսկապես կարևոր է, բայց պակաս կարևոր չէ նաև այդ նույն մրգերի ու բանջարեղենի ընտրությունը, ինչը, բնավ, դյուրին գործ չէ: Ամեն մթերք չէ, որ օգտակար կարող է համարվել. պետք է հաշվի առնել դրա աճեցման և մշակման մեթոդները, որոնք կարող են հսկայական ազդեցություն ունենալ որակի և համի վրա:
Օրինակ, երբեմն գյուղատնտեսները չարաշահում են թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի օգտագործումը, ինչը բացասական է ազդում ինչպես մարդու առողջության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, բնության վրա:
Այդ իսկ պատճառով, շուկայում կամ խանութներում գնումներ կատարելիս պետք է զգոն լինել: Սովորե'նք կարդալ պիտակներն ու մակնշումները, իսկ դրանց բացակայության դեպքում հետաքրքրվե'նք մթերքի ծագման մասին հենց վաճառողից կամ արտադրողից:
«Կանաչ» կամ նույն ինքը՝ «կայուն» կամ «բնական» տերմինները թերևս շատ ենք լսել։ Բայց գիտենք արդյոք, թե ի՞նչ են այդ տերմինները նշանակում և որքանո՞վ են դրանք ճիշտ կիրառվում։ Քանի որ չկա դեռ խիստ վերահսկողություն նման տերմինների կիրառման համար, փորձենք հասկանալ․ «Կանաչ» /«կայուն» կամ «բնական» եղանակով մշակելու համար ֆերմերները նվազագույնի են հասցնում թունաքիմիկատները և հանքային պարարտանյութերը։
«Օրգանական» գյուղատնտեսության դեպքում՝ իսպառ չի թույլատրվում թունաքիմիկատների կիրառումը, չենք ասում էլ մի շարք այլ պահանջների մասին, որոնց հետևելով, տվյալ ապրանքը կարող է մակնշվել որպես «օրգանական»։
Ի դեպ, «էկո», «բիո», «օրգանական» մակնշումներն ապրանքի վրա թույալտրելի են միայն այն դեպքում, երբ փաթեթի վրա կամ դրան կից կա համապատասխան սերտիֆիկատ։ Այդ պատճառով դուք` որպես գնորդ, հեշտությամբ կարող եք տարբերակել կեղծ օրգանականը, եթե ճանաչեք հիմնական սերտիֆիկացման նշանները:
Զգուշացում․ շուկայում բազմաթիվ կեղծիքներ են, ուտի եղե'ք զգոն և հավաստիացե'ք, որ տվյալ ապրանքի վրա կա համապատասխան կոդ և սերտիֆիկացման նշաններ։
Ի տարբերություն օրգանականի՝ «կանաչ» կամ այդքան շատ կիրառվող «բնական» արտադրանքը չունի դեռևս մակնշում։ Ինչը նշանակում է, որ մենք՝ որպես սպառողներ, պետք է զինվենք գիտելիքով և հաղորդակցվենք ֆերմերների հետ և ձեռք բերենք փոխադարձ վստահություն։
Ընտրե'նք Կանաչը, Կանաչն ավելի առողջարար է: