l

lifestyle

«Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկների պրեմիերան Հայաստանում

Սեպտեմբերի 12-ին Հայաստանում կայացավ «Դոմինո Փրոդաքշն»-ի կողմից նկարահանված «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերան։ Ցուցադրությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, կինոաշխարհի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, այլ հայտնի դեմքեր և ԶԼՄ-ներ։ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկները Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ժապավենն է: Ֆիլմ-ակնարկների ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է, պրոդյուսերը Սևագ Սերոբեանը։

  • Kamo Tovmasyan

Նախագծի մտահղացումը արմատներով հենց Կիլիկիայից սերող Խաչատուրյան ընտանիքի և ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Հարութ Խաչատուրյանինն է, ով նաեւ նախագծի գլխավոր պրոդյուսերն է: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը արդեն քսան տարուց ավել է՝ աշխարհին ներկայացնում հայկական բոլոր ժամանակների սիրված երգն ու երաժշտությունը: Պրեմիերային իրենց ներկայությամբ էին պատվել Գոհար Խաչատուրյանը և Շահեն Խաչատուրյանը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ-ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխում են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների և Լուսինյանների կենտրոնական կերպարներին, տեսնելու կատաղի մարտեր, փառավոր հաղթանակներ և իհարկե՝ սեր: Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության բոլոր չափանիշներին համապատասխան։ Ֆիլմ– ակնարկները հայկական ֆիլմարտադրությունում եզակի են նաեւ զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչև գրաֆիկական և անիմացիոն լուծումներ։

Ֆիլմ–ակնարկների գաղափարային հիմքում ինչպես հայոց պատմության ու պատմական հերոսների միջոցով ազգային ոգի արթնացնելն է, այնպես էլ համաշխարհային հանրությանը հայկական կինոարտադրական ներուժը ներկայացնելը: Նկարահանումները և հետարտադրական ամբողջ գործընթացը իրականացվել է Հայաստանում՝ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Այս ինքնատիպ Start Up նախագծի տեսլականն է Կիլիկիայի հայոց պատմության փառավոր էջերից մեկը լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ դարձնել, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանը տեսանելի և գրավիչ դարձնել բարձր տեխնոլոգիական աշխարհի և ֆիլմարտադրության ոլորտում հայտնի միջազագային կազմակերպությունների համար՝ ներկայանալով իբրև այդ ոլորտում արտադրական և հետարտադրական գործընթաց իրականացնելու զարգացման ներուժ ունեցող և մրցունակ երկիր: 

«Դոմինո Փրոդաքշն»-ը հիմնադրվել է 2009թ-ին: Պրոդյուսերական և վիդեո արտադրական պրոֆեսիոնալ այս կազմակերպությունն ունի միջազգային շուկայում իրականացված նախագծերի բավականին մեծ փորձ և ինչպես միշտ լավագույն արտադրանք է ներկայացնում, որը մրցունակ է միջազգային շուկայում: Որդեգրելով իր ուրույն գործելաոճը՝ ողջ գործունեության ընթացքում հանդիսականին, գործընկերներին և բոլոր նրանց ովքեր գեթ մեկ անգամ առնչվել են «Դոմինո Փրոդաքշն»-ի հետ ընկերությունը ստեղծել և փոխանցել է վառ ու անմոռանալի էմոցիաներ: «Կիլիկիա. Առյուծների երկիր» կինոնախագիծն ևս մեկ անգամ ապացույց է, որ «Դոմինո Փրոդաքշն»-ը միշտ բարձունքում է: 

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 17-ին «Կիլիկիա. Առյուծների Երկիր»-ը արդեն ցուցադրվել է Լիբանանում և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին: Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։ Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը: 

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։ Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն II-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

 

 

back-top