l

lifestyle

Մարեի հայուհին! Ինչպես է Արմինե Օհանյանը գրավում Փարիզի նորաձևության աշխարհը

Դիզայներ Արմինե Օհանյանին վերջերս էի ներկայացրել, երբ նա հերթական անգամ ներկայացրեց իր նոր հավաքածուն Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում: Օրերս Փարիզում, շոփինգի և կրեատիվ երիտասարդության ամենասիրված թաղամասում՝ Մարեում հանդիպեցի Արմինեին ու անձամբ գնահատեցի նրա աշխատանքները Armine Ohanyan Paris բուտիկում:

  • Kamo Tovmasyan

Paris Fashion Week-ին մասնակցելը խաղ ու պար չէ, Արմինեի մասին էլ գրեթե ոչինչ չէի լսել, բայց միայն մասնակցությունը, նաև բուտիկի առկայությունը Մարեում արդեն իսկ բավական էր, որպեսզի հետաքրքրվեի դիզայներով: Երբ Փարիզում էի՝ ստացա մեսիջ Արմինեից, Նա հրավիրում էր մեզ իր սրահ, բայց մինչ այդ մենք ծանոթացանք մեկ բաժակ սուրճի շուրջ ու սկսեցինք խոսել Հայաստանից, նորաձևությունից ու փարիզյան առանձնահատկություններից: Ողջ զրույցի ընթացքում մտքիս մի հարց էր. լավ այս համեստ աղջնակը ինչպե՞ս է այսքան հաջողությունների հասել, մի տեսակ չեն լինում չէ՞ հեքիաթներ: Հիշեք հասցեն՝ 21 Rue de Turenne 75004 Paris, անպայման այցելեք, մեծ բավականություն կստանաք, նույնիսկ եթե ոչինչ չգնեք:

 -7 տարի առաջ Երևանից տեղափոխվեցի Լիոն՝ սովորելու Լիոնի գեղարվեստի դպրոցում: Շարունակեցի ուսումս Փարիզի ստիլիստական դպրոցում, դե իսկ Փարիզն էլ նորաձևության մայրաքաղաքն է, հենց այստեղ իմ ուղին տրամաբանական շարունակություն ստացավ:

Անհավատալի է, որ հայուհին մի քանի տարում կարող է հայտնվել Փարիզյան նորաձևության շաբաթում ու ունենալ իր բուտիկը Մարեում…ո՞րն է գաղտնիքը:

-Գաղտնիք իրականում չկա. աշխատասիրություն, ձգտում, համառություն-ահա իմ կարգախոսը: Իհարկե էական է նաև, թե ով է շրջապատում քեզ, ովքեր են քեզ ոգեշնչում, մի փոքր էլ բախտի գործոնն է իր դերը խաղում: Յուրաքանչյուր անձ ինքն է կերտում իր ապագան՝ ի կատար ածելով իր երևակայությունն ու իրականության վերածելով իր ներաշխարհը:

Ովքե՞ր են ձեր հաճախորդները, ո՞ւնեք արդյոք արդեն մշտական այցելուներ ու կարողանո՞ւմ եք արդյոք պահպանել ձեր ոճը՝ մերժելով պատվերներ, որոնք գուցե ձերը չէն:

-Իհարկե ունեմ արդեն մշտական այցելուների մեծ բանակ: Բուտիկը ամենահայտնի թաղամասերից մեկում է, ուստի շատ են այցելում նաև պարզապես զբոսաշրջիկները, ովքեր հայտնվում են սրահում շոփինգի հետևելիս: Կնկատեք, որ ունեմ իմ անհատական ոճը, ուստի երբեք չեմ ընդունում պատվերներ, որոնք իմ դիզայնով չեն ստեղծված: Կարծում եմ, արվեստագետի կարևոր գծերից մեկը հենց իր ոճն ունենալն է, իր ձեռագիրը, ու եթե քեզ հաջողվում է հայտնի դառնալ հենց քո անհատական ոճով, ուրեմն քեզ մոտ ստացվել է ամեն ինչ:

Ինչպե՞ս եք որոշել գնային քաղաքականությունը, ո՞ւմ համար են ձեր հագուստները ու ինչպես նկատեցի, սրահում նաև աքսեսուարներ կան՝ կոշիկ, հետաքրքիր պայուսակներ…

-Հագուստները Փարիզում են ստեղծվում, այդ իսկ պատճառով գնային քաղաքականությունը քիչ բարձր է: Որակը, բացառիկ կտորները, աշխատանքը, նաև Ֆրանսիայում արտադրելու օրենքները...գիտեք, այդ ամենը մեծ աշխատանք ու ծախսեր են պահանջում, ինքս էլ հակված եմ իդեալական աշխատանքի ներկայացման, ուստի պատվիրատուն վճարում է որակի դիմաց: Սրահում նաև կան աքսեսուարներ՝ պայուսակներ, կոշիկ....կարծում եմ յուրաքանչյուր կին այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան նմուշ:

Ինչպե՞ս կարողացաք ֆրանսիական մամուլի ուշադրությանն արժանանալ: Ես նկատեցի, որ գրեթե բոլոր հեղինակավոր ամսագրերն անդրադարձել են ձեզ:

-Armine Ohanyan Paris նորաձևության տունն ուղեկցվում է PR մամուլի գրասենյակի կողմից, Ես 3 նորաձևության մրցույթների դափնեկիր եմ: Նորաձևության ամսագրերն ու կայքերը հետաքրքրվել են՝ հավաքածուներում նորարար տեխնոլոգիաների օգտագործման, նաև բարդ աշխատանքի արդյունքում:

Դուք հիմա դեռ ներդրո՞ւմ եք կատարում ձեր բիզնեսում, թե՞ արդեն այն գործող է ու շահույթ ունի...

-Յուրաքանչյուր նորաստեղծ բիզնեսի ոլորտում կարծում եմ ներդրումը շարունակական պետք է լինի...

Իսկ ինչպե՞ս կարողացաք բուտիկ բացել Մարեում, ամեն ինչում ամուսի՞նն է օգնել…

-Ամուսինս իհարկե ինձ շատ է աջակցում, որը և իմ բիզնեսի և մեր հարաբերությունների հաջողության գրավականներից մեկն է:

Հետևո՞ւմ եք արդյոք հայաստանյան նորաձևությանը ու կցանկանա՞յիք ինչ որ բան անել նաև Հայաստանում:

-Իհարկե Հայաստանում մեծ առաջընթաց է նկատվում: Փոխվել է մարդկանց մտածելակերպը, որի հետ մեկտեղ ոճային փոփոխություն էլ է նկատվում: Հայաստանում շատ են տաղանդավոր դիզայներները, սակայան ձեր ֆեշն ինդուստրիան պատրաստ չէ աջակցել նրանց:

 Իսկ ի՞նչ նոր նախագծի վրա եք հիմա աշխատում, ինչպիսի՞ն է լինելու հաջորդ քայլը:

-Նոր ծրագրեր շատ կան, փակագծերը չեմ ցանկանա բացել, հետևեք Armine Ohanyan Paris նորաձևության տան առաջընթացին:

back-top