l

lifestyle

Նորաբաց LOUVRE թանգարանը, Ferrari World-ը և Շեյխ Զայեդի մզկիթը Աբու Դաբիում

Մեկնել էինք Աբու Դաբի անձամբ տեսնելու ու ձեզ ներկայացնելու նորաբաց LOUVRE թանգարանը, հանրահայտ Ferrari World ժամանցավայրը (որտեղ աշխարհի ամենաարագընթաց ատրակցիոնն է), Շեյխ Զայեդի ֆանտաստիկ մզկիթը (որտեղ աշխարհի ամենամեծ գորգն է) և աշխարհի ամենաթեք կառույցը (այո, դա վաղուց Պիզայի աշտարակը չէ): Այս ամենը ԿամոԲլոգում հենց Աբու Դաբիից:

  • Կամո Թովմասյան

Աբու Դաբին Արաբական էմիրությունների մայրաքաղաքն է, այստեղ բնակվում է մոտ մեկ ու կես միլիոն մարդ: Շատ հետաքրքիր պատմություն կա կապված քաղաքի ստեղծման հետ: Արաբ որսորդները օազիսներից մեկում հետապնդում են եղջերուի ու այդպես հասնում են մինչ Պարսից ծոցի ափերը, որտեղ եղջերուն ջուրն է նետվում ու որսորդներին տանում դեպի կղզիներից մեկում գտնվող քաղցրահամ աղբյուրի մոտ: Ի նշան երախտագիտության, որսորդները չեն սպանում եղջերուին և անվանում են այս վայրը Աբու Դաբի, ինչը նշանակում է՝ Եղջերուի հայր: Դուբայից տրանսֆերով մոտ ժամ ենք գնացել: Ավելի հանգիստ է քան Դուբայը, ու ավելի պասիվ... 3 օր մաքսիմում:

Ընտրեցինք այս գեղեցիկ հյուրանոցը, որը մեզ Emirates AM ընկերությունը խորհուրդ տվեց ամրագրել, հենց կենտրոնում գտնվող Khalidiya Palace Rayhaan by Rotana:

Առաջինը որ գոհացրեց լողավազանն է, որը Աբու Դաբիի ամենամեծ լողավազանն է, սպասարկումը բարձրակարգ է, ինտերնետը շատ վատն է, մեր սենյակն էլ ինքներդ գնահատեք...

10 տարի առաջ Աբու Դաբիում բացվել է աշխարհի ամենաշքեղ մզկիթներից մեկը ՝ Sheikh Zayed-ի մզկիթը մինչև 40 000 այցելուների համար:
Մարմարե մզկիթն ունի 82 գմբեթ, մուտքն ազատ է, այն բացառիկ է նրանով, որ քրիստոնեաները ևս կարող են այստեղ հանգիստ այցելել: Պետք է հանել կոշիկները և լուսանկարվելուց չի կարելի ձեռքերով ժեստեր անել: Եթե շորտերով եք, ձեզ կստիպեն կրել իրենց հագուստը, քանի որ ծնկներն այստեղ պետք է փակ լինեն:

Մզկիթը հայտնի է նրանով, որ այստեղ է աշխարհի ամենամեծ խալին, որը ստեղծվել է նկարիչ Ալի Խալիկիի աշխատանքի հիման վրա: Խալու մակերեսն է ավելի քան 5000 քմ, մոտ 1200 գորգագործներ են աշխատել, իսկ կշիռը կազմում է 47 տոննա: Մզկիթի ներսում կան 7 հսկայական ջահեր, որոնք զարդարված են ոսկով և Swarovski բյուրեղապակիներով: Ամենամեծ ջահի բարձրությունն է 15 մետր, ինչի շնորհիվ երկար տարիներ այն համարվում էր աշխարհի ամենամեծ ջահը:

Մենք ինքներս զարմացանք, երբ տեղեկացանք, որ Աբու Դաբիում բացվում է LOUVRE! Պաշտոնական բացումը նախորդ շաբաթ էր. Արաբական Louvre-ի միայն շինարարական աշխատանքների բյուջեն կազմել է մոտ 600 միլիոն եվրո. Այս պահին Աբու Դաբիի Louvre թանգարանում ներկայացված են Պիկասոյի, Վան Գոգի, Լեոնարդո Դա Վինչիի, Մոնեի, Մատիսի գործերը, շուրջ 300 արվեստի նմուշ կա ցուցադրված: Մուտքի արժեքն է 30-60 դերհամ...

Հիշեցնեմ, որ բացվել է այն բառացիորեն մի քանի օր առաջ ու մենք շատ ուրախ ենք առաջինը այն ձեզ ներկայացնել...Մինչ 2037թ.-ը փարիզյան Louvre-ը պարտավորվում է արաբական Louvre-ին տրամադրել արվեստի գործեր, անվճար խորհրդատվություն տրամադրել և թույլատրել Louvre բրենդի օգտագործումը: Այս ամենի համար իշխանությունները վճարել են Ֆրանսիային 1 միլիարդ եվրո:

7 տարի առաջ բացվել է Ferrari World-ը, 200 000 քմ, թեմատիկ ատրակցիոններ և աշխարհի ամենաարագընթաց ամերիկյան գորկան: Իրականում մուտքի գինը՝ 90$-ը գերագնահատված էր, 3 մեծ ատրակցիոնները նորից վճարովի էին, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր...

Ահա այսպիսինն է աշխարհի ամենաարագ սլացող ատրակցիոնը, 240 կմ/ժամ արագությամբ:

 

Իհարկե Աբու Դաբիում էլի հետաքրքիր վայրեր կան, մենք հասցրեցինք այսքանն այցելել: Վերջում ներկայացնում եմ ևս մեկ հետաքրքիր շինություն: Պարզվում է, սա Աշխարհի ամենամեծ թեքությունն ունեցող շենքն է, որը 4.5 անգամ ավելի կոր է, քան մեր բոլորի իմացած Պիզայի աշտարակն Իտալիայում: Շինությունն այս կոչվում է Capital Gate, ներսում Hyatt հյուրանոցն է և գրասենյակներ: Capital Gate թարգմանաբար նշանակում է Մայրաքաղաքի դարպասներ: Բարձրությունը 160 մետր է, կառուցվել է բրիտանացիների կողմից, ասեմ, որ շատ թանկ չէ այստեղ մնալը՝ օրական 130$:

back-top