l

lifestyle

Նիկոլ Փաշինյանը ԶԱՆԳԱԿ գրատան բացմանը Աբովյան 7 հասցեում

Աբովյան 7 հասցեում բացվել է երկհարկանի ԶԱՆԳԱԿ նոր գրատունը, որն արդեն չորրորդն է, ամենամեծն ու օրիգինալ ձևաչափովը: ՀՀ Վարչապետը, նախարարներ, մտավորականներ, մշակույթային ոլորտի անձինք եկել էին շնորհավորելու և ծանոթանալու այս նոր նախագծին, որը վստահ եմ ոչ ոքի անտարբեր չի թողնի: Համաշխարհային գրականության լավագույն աշխատանքները, հարմար, ընդարձակ սրահներ ընթերցանության համար, անվճար WI FI և բացօթյա թեյարան ընթերցելու կամ աշխատելու համար: Մեծ սիրով եմ ներկայացնում նոր ԶԱՆԳԱԿԸ և շնորհավորում եմ բոլորիս նման գեղեցիկ նոր գրատան բացման կապակցությամբ:

ԶԱՆԳԱԿ գրատների ցանցի գործադիր տնօրեն Շահեն Մկրտչյանի խոսքով` Կոմիտաս 49/2 հասցեում, ՌԻՈ մոլի և ԴԱԼՄԱ Գարդեն մոլի Սինեմա սթար կինոթատրոնի տարածքներում արդեն գործում են ԶԱՆԳԱԿ գրատները, սակայն Աբովյան 7 հասցեում՝ ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի անմիջապես դիմաց բացվել է ամենամեծ ու նոր ձևաչափով գրատունը: Հենց այդ գրատան բացմանն էլ մենք ներկա էինք: Երկհարկանի գրատան առաջին հարկում բեսթսելլերներն են և մանկական գրքերը: Միանգամից նշեմ, որ ԶԱՆԳԱԿ գրատուն կարող եք այցելել ինչպես գնումներ կատարելու, այնպես էլ հենց տեղում գիրքն ընթերցելու համար: Եթե որոշել եք ընթերցել տեղում, ապա ամենահարմար հատվածներն են բացօթյա թեյարանը և երկրորդ հարկում գտնվող սրահները: Գրատունը գործում է առավոտյան 10.00-ից մինչև երեկոյան 22.00-ն: Գրատանը կից գործում է թեյարան, որտեղից գնումներ կատարելով` կարող եք աշխատել, ընթերցել գիրք, կամ պարզապես հանգստանալ բացօթյա թեյարանի հատվածում: Ներսում գործում է անվճար WI FI: Եթե ընթերցելուց հետո ցանկություն կլինի ձեռք բերել գիրքը, ապա այն կարող եք արդեն գնել, կամ պատվիրել ցանկացած գիրք, որը տվյալ պահին առկա չէ գրատանը: Ուշադրություն դարձրեք հետաքրքիր ինտերիերին, նկարազարդումներին և շատ նորաոճ ու հարմար ընթերցասրահին, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ՄՈՍԿՎԱ կինոթատրոն: 
Վստահ եմ, նոր ԶԱՆԳԱԿ գրատունը դառնալու է նոր սերնդի և գրքասեր հասարակության ամենասիրված վայրերից մեկը: Հարևանությամբ կինոթատրոնն է, Նկարիչների միության շենքը, Ստանիսլավսկու անվ. թատրոնը...
Աբովյան փողոցի այս հատվածը դառնում է մշակույթային նոր կենտրոն:

Աբովյան 7

Կոմիտաս 49/2 

(011) 22 33 66

www.zangak.am

Facebook/ԶԱՆԳԱԿ

«Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից 21 տարի առաջ: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: «Զանգակ»-ը հրատարակում է դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր, մանկական, գեղարվեստական և թարգմանական գրականություն, գիտական ամսագրեր: Հրատարակչությունը համախմբում է Հայաստանի և Սփյուռքի հեղինակների՝ գրողների, թարգմանիչների, կրթության և այլ ոլորտների մասնագետների: Համագործակցելով միջազգային բազմաթիվ հրատարակչությունների, գրական գործակալությունների և հեղինակների հետ՝ «Զանգակ»-ը ընթերցողին ներկայացնում է միջազգային շուկայում հեղինակություն վայելող դասական ու ժամանակակից, համաշխարհային և հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հրատարակչությունը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ` նպատակ ունենալով Հայաստանում ձևավորելու ընթերցող հասարակություն:

back-top