l

lifestyle

Դեպի Վալենսիա! Ինչ տեսնել, որտեղ սնվել և որտեղ պարել

Դուք պատրաստվում եք այցելել Վալենսիա, իսկ Մենք հենց նոր ենք այնտեղից վերադարձել: ՕՐԻՖԼԵՅՄ ընկերության շնորհիվ Ես ծանոթացա ևս մեկ գեղեցիկ քաղաքի հետ ու շտապում եմ կիսվել Ձեզ հետ տպավորություններովս: Իհարկե այս փոստում չեմ կարող ներկայացնել ողջ Վալենսիան, սակայն Իմ անձնական փորձից, կհուշեմ, թե ինչ հետաքրքիր վայրեր կարելի է գտնել Վալենսիայում և թե ինչպես կարելի է անցկացնել ժամանցը:

  • Kamo Tovmasyan

Օրիֆլեյմ ընկերության այս տարվա Ոսկե կոնֆերանսը տեղի էր ունենում Վալենսիա քաղաքում: 3 ժամ թռիչք դեպի Վիեննա, այնտեղից՝ Բարսելոնա, իսկ Բարսելոնայից ավտոբուսով 3.5 ժամում կարելի է հասնել Վալենսիա:

Վալենսիան Իր բնակչությամբ Իսպանիայում երրորդ քաղաքն է համարվում՝ Մադրիդից և Բարսելոնայից հետո։ Քաղաքի անվանումը գալիս է լատինական «խիզախություն» բառից։ Քաղաքը հիմնել են հռոմեացիները մ․թ․ա 138 թվականին։ Նախկինում այդտեղ կարթագենցիների և հույների բնակատեղիներ էին։ 714 թվականին քաղաքը գրավում են մավրերը, և այն անցնում է Կորդովայի խալիֆայության տիրապետության տակ։  1094 թվականին Ռոդրիգո Դիազ դե Վիվարը՝ նույն ինքը Էլ Սիդը, կարողանում է ազատել Վալենսիան մավրերի տիրապետությունից և ղեկավարում է այն մինչև իր մահը (1099 թ․)։ Իր կառավարման տարիներին նա կարողանում է իսլամացված քաղաքը դարձնել Իսպանիայի ամենամեծ քրրիստոնեական կենտրոններից մեկը։ Էլ Սիդի մահից հետո՝ 1099 թվականից մինչ 1102 թվականը քաղաքը ղեկավարում է նրա կինը, սակայն ի վերջո նա ստիպված է լինում թողնել քաղաքը մավրներին։ Վերջնականապես քաղաքն ազատագրվում է մավրերից 1238 թվականին։ Քաղաքից նահաջելու ընթացքում քրիստոնյաներն այրում են այն։  Միջնադարում այն Միջերկրական ծովի առևտրային ծաղկուն քաղաք էր։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը եղել է հանրապետական կառավարության նստավայր, փաստորեն՝ Իսպանիայի ժամանակավոր մայրաքաղաք։

Տարբեր ժամանակներում Վալենսիան անվանել են «երկրային դրախտ» և «ծաղիկների, սիրո ու լույսի երկիր»: Այստեղ արևոտ օրերի քանակը հասնում է 320-ի տարվա մեջ, այդ պատճառով էլ գրեթե միշտ հրաշալի եղանակ է և տրամադրություն: Վալենսիայի հանգստաբեր փողոցներն ու կանաչ ծառուղիները, նրա յուրօրինակ ճարտարապետությունը և գրավիչ մթնոլորտը ստիպում են սիրահարվել քաղաքին, ճիշտ է, եթե դուք ակտիվ հանգստի սիրահար եք, 5-րդ օրն արդեն չեք իմանա այստեղ ինչ անել: Այգիներ, որտեղ հաճելի է զբոսնելը, գնումներ և գիշերային քաղաքով զբոսանք, ծովափնյա հանգիստ և հրաշալի ժամանց Բարիո դել Կարմեն թաղամասում:

Վալենսիայի գլխավոր հրապարակը Թագուհու հրապարակն է՝ Plaza de la Reina-ն, որտեղից, այսպես ասած սկսվում է ծանոթությունը: Այստեղ գտնվում է քաղաքի մայր տաճարը` Սրբ Մարիայի տաճարը, որը ոչ միայն գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, այլև թանգարան է, որտեղ պահվում է Գոյայի կտավներից մեկը, իսկ առանձին սրահներից մեկում`«Սուրբ Գրալը», որից ըմպել է Հիսուս Քրիստոսը:

Av. Del Cid և Angel Guimera մետրոյի կայարանների միջև՝ Արևմտյան զբոսայգուց 500 մետր դեպի հյուսիս-արևելք խոյանում է Սուրբ Մարիամի յուրօրինակ գոթական տաճարը՝ Վալենսիայի եպիսկոպոսի պաշտոնական նստավայրը:

Տաճարը գլխավորապես կառուցված է կալատոնյան գոթական ոճով, թեև նկատելի են նաև հռոմեական ոճի, ֆրանսիական գոթական ոճի, վերածննդի և բարոկկոյի էլեմենտներ: Այսքան տարբեր ոճեր հրաշալիորեն համադրվել են մեկ կառույցի մեջ, քանի որ այն կառուցվել է աստիճանաբար՝ մի քանի դարերի ընթացքում: Դատելով հնէաբանական պեղումների արդյունքներից՝ տաճարի տեղում եղել է վեսթգոթական տաճար, որին ավելի ուշ փոխարինել է մզկիթ: Ըստ պատմական վկայությունների՝ 1238թ., երբ քրիստոնյաները վերագրավեցին Վալենսիան (Ռեկոնկիստներ) մզկիթը դարձել է քրիստոնեական եկեղեցի: 1262 թ. Վալենսիայի առաջին եպիսկոպոսը՝ Անդրես դե Ալբալատը, որոշում է քանդել այն և դրա տեղում կառուցել տաճար:

1850-1860թթ. վալենսիական ճարտարապես Սեբաստիան Մոնլենոն Էստելլեսի կողմից կառուցված նեոկլասիկ ցլամարտի արենան ակնհայտորեն Հռոմի Կոլիզեյի կամ Նիմական ամֆիթատրոնից ոգեշնչված կառույց է: Այն ունի 17 մետր բարձրություն և 52 մետր տրամագիծ, զարդարված է դորիչական զարդանախշերով: Այն գլխավոր ցլամարտի արենան է Վալենսիայում արդեն մեկ ու կես տարի:

Ինտերնետը Վալենսիայում, ինչպես եվրոպական մի շարք երկրներում խնդիր է, սրճարանների մեծ մասում չկա wi-fi: Տաքսիներով շրջելն ավելի հարմար է, մանավանդ, որ ցանկացած ուղղությամբ տեղաշարժվելու համար վճարում էիր մոտավորապես 10-15 եվրո:

Քաղաքում զբոսնելիս դուք կհանդիպեք իրոք օրիգինալ սթրիթ-արտ աշխատանքների...

Խաղաղ և մեկուսի, ընդարձակ և հրաշագեղ… Վալենսիայի լողափները համարվում են Իսպանիայի լավագույն լողափներից մեկը: Միջերկրականի հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ափերը պարգևում են հրաշալի, անմոռանալի հանգիստ:
Հարավում է գտնվում Pinedo խաղաղ լողափը, որին հաջորդում են շքեղ El Saler և La Devesa լողափները: Լողափները՝ մանր ավազով, ավազաբլուրներով և սոճիներով, որոնք պաշտպանում են հյուսիսային քամիներից, գտնվում են բուսականությամբ ամենահարուստ տարածքներից մեկի՝ Ալուբֆեր ազգային պարկի սահմանին: Արևն և ծովը վայելելուց բացի, Վալենսիայի լողափներին կարելի է գտնել ամենատարբեր զվարճանքի վայրեր. լողափի 15 կմ-ը հրաշալի է վինդսերֆինգի, թեթև առագաստները կառավարելու և ծովային ճամփորդությունների համար՝ նավարկային ակումբում; գոլֆ ակումբ՝ միևնույն լողափին՝ Եվրոպայի լավագույն դաշտերից մեկում՝ El Saler-ում, իսկ մի քանի մետր այն կողմ տեղակայված է զվարճանքի կենտրոնը, որտեղ կարելի է ձիավարել, թենիս և ֆրոնտոն խաղալ կամ ավանդական նավակներով նավարկել Ալբուֆերի ջրանցքներով:

 City of Arts and Sciences. Հսկայական ձուկ հիշեցնող շինությունների շարք Վալենսիայում, որի հեղինակն է Սանտիագո Կալատրավեն: Ճարտարապետական այս կոմպլեքսը կառուցվել է ցավաքեցված Տուրիա գետի վրա, աշխատանքները սկսվել են 1995 թ.-ից: City of Arts and Sciences-ը կազմված է 5 կառույցներից, դա El Palau de les Arts Reina Sofí-ն է՝ Սոֆիա Թագուհու անվ. արվեստի պալատը, L'Hemisfèric-ը՝ Imax լազերային կինոթատրոնը, L'Umbracle այգին, El Museu de les Ciències Príncipe Felipe-ն՝ Արքայազն Ֆիլիպեի գիտությունների թանգարանը և L'Oceanogràfic-ը՝ Եվրոպայի ամենամեծ ակվարիումը:

Սա Սոֆիա Թագուհու անվ. արվեստի պալատն է, որի չորս սրահները նախատեսված են գեղարվեստի, երաժշտական և թատերական շնորհանդեսների անցկացման համար: Հարևանությամբ գտնվող «Էլ Էմիսֆերիկ» շինությունում տեղակայված են Իմաքս կինթոատրոնը, Պլանետարիումը և Լազերիումը, որտեղ կարելի է 900 քմ մեծ էկրաններին տեսնել ներկայացումներ: Շենքը հիշեցնում է մեծ աչք, որտեղ կա 24,000 քմ ջրային ամբար:

Վերջերս այստեղ բացված շինություններից են Սերերիա կամուրջը (2008) և Ագորան (2009): Ագորան 70մ բարձրությամբ և 5000 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ, ընդարձակ շինություն է, որտեղ տեղի են ունենում սպորտային հանդիպումներ, կոնֆերանսներ...

Արքայազն Ֆիլիպեի գիտությունների թանգարանը՝ «Museo de las Ciencias Principe Felipe» դարձել է կիրառական գիտությունների բնագավառում աշխարհի առաջատարը և երկրի ամենից շատ այցելվող թանգարաններից մեկը՝ ավելի քան 25 միլիոն այցելու 2000թ. բացումից հետո: Հիմնական նպատակը հետաքրքրասիրության և քննադատական մտածողության զարգացումն է՝ «Արգելվում է ձեռք չտալը, չզգալը, չմտածելը» կարգախոսով: Թանգարանում կազմակերպվում են տարատեսակ ցուցահանդեսներ և տարբեր տեսակի գիտական անիմացիաներ:

Ձկան կմախք հիշեցնող այս շինությունն այնքան հետաքրքիր էր դրսից, որքան անհետաքրքիր ներսից: 30 եվրո անհասկանալի գիտական դետալներ տեսնելու համար...

Դրսում 5 եվրո վճարելով կարող եք ավելի մեծ բավականություն ստանալ կայակ վարձելով...

Բաց մի թողեք այստեղ նաև Jorge Enrique Jiménez Martínez-ի աշխատանքները:

 Oceanografic-ը ահա այսպիսի տեսք ունի վերևից, բայց Դուք սա կարող եք տեսնել միայն ֆոտոյի տեսքով:

Oceanografic-ը Եվրոպայի ամենամեծ ակվարիումն է, որտեղ պահվում է 500 տեսակի մինչև 45 000 կենդանի: Այստեղ մի քանի տաղավարներում ներկայացված են աշխարհի հիմնական ծովային էկոհամակարգերը: Տաղավարներից յուրաքանչյուրը նվիրված է ծովերից կամ օվկիանոսներից մեկին՝ Միջերկրական ծովին, Անտարկտիկային, Արկտիկային, կղզիներին, Կարմիր ծովի ստորջրյա աշխարհին: Բացի այդ, այստեղ կա դելֆինարիում և ստորջրյա ռեստորան: Մուտքի գինը, եթե ճիշտ եմ հիշում 10 եվրո էր, եթե հաշվի չառնենք դելֆինների շոուն, անհետաքրքիր էր ու անիմաստ...

Հենց այստեղ է գտնվում ստորջրյա ռեստրանը:

Իրոք շատ գեղեցիկ միջավայր էր, դու կարծես ընթրում ես հսկայական ակվարիումի մեջ:

Մատուցողները չեն խոսում անգլերեն, այդ պատճառով պատվերը կարող են սխալ գրանցել ու կրկնակի ընդունեն պատվերը, ու քանի որ մենեջերը նույնպես անգլերեն չի խոսում Դու նյարդերդ չքայքայելու համար վճարում ես կրկնակի գումար ու դուրս ես գալիս:

Գիշերային Վալենսիան իրոք շատ գեղեցիկ է, ահա այսպիսի ռեստորաններ ամենուր են, յուրաքանչյուր փողոցի վրա, շենքերի միջև, ամենուր...

Կարմեն թաղամասը Վալենսիայի գլխավոր գիշերային թաղամասն է, կյանքն այստեղ սկսվում է 23.00-ից, իսկ փաբային կյանքը՝ 01.00-ից: Դրանից շուտ իմաստ չկա հյուրանոցից դուրս գալ: Հազարամյակների պատմություն ունեցող թաղամասը ստեղծվել է երկու՝ քրիստոնեական և մուսուլմանական պատերի միջև: Դրա սալահատակ փողոցներով զբոսանքը կարծես տանում է պատմության անցած ժամանակաշրջանները: Այցելել պալատներ, անցնել Քվարտ և Սերանո միջնադարյան աշտարակների միջով, շրջել անկրկնելի անկյուններով... սա այն ուղին է, որով անպայման պետք է անցնել: Իսկ գիշերվա 01.00-ից փաբերում սկսվում է գժանոցը:

Խուան Կառլոս 1-ի անվ.  Զբոսանավի Թագավորական նավահանգստի տարածքում գտնվում են XIX դարի նավամատույցներ, ժամացույցներով շինությունը և նոր Մարինան խորհրդանշող «Վելես և Վենտս» (Առագաստներ և Քամիներ) հայտնի շինությունը...բայց դա այդքան կարևոր չէ, այստեղ է գտնվում High Cube-ը՝ քաղաքի գլխավոր ժամանցավայրերից մեկը, որտեղ ամեն օր թեմատիկ փարթիներ են կեսգիշերից հետո:

L'UMBRACLE! Ամենագեղեցիկ վայրերից մեկը Վալենսիայում: City of Arts and Sciences-ում է գտնվում L'UMBRACLE այգին, որն ունի 17,500 մ երկարություն և ցուցադրության տարածք: Ինչու եմ ժամանցային հատվածում ներառել այն, պարզապես գիշերը 01.00-ից L'UMBRACLE-ը վերածվում է ռեստորանի և ակումբի....Ի դեպ security-ներից մեկի անունն Արման է, եթե խնդիր կունենաք դիմեք նրան....

Եվ արդեն ամենամեծ փակ ակումբը Վալենսիայում՝ Las Animas-ը: Մի քանի սթեյջ, տարբեր ոճի երաժշտություն...քանի որ մենք Օգոստոս ամսին էինք, այստեղ, որոշեցինք փակ ակումբ չգնալ, հուսով ենք հաջորդ անգամ կայցելենք....

back-top