l

lifestyle

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման շնորհանդեսը Վատիկանում

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը:

  • President.am

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ երեկ ունեցած առանձնազրույցով: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձևավորված անկեղծ և ջերմ երկխոսության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է:

Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը: Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նախագահին նվիրել է վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաև իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները:

Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից երեկ երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:

back-top