l

lifestyle

Օպերայի և բալետի շենքի տանիքին բացվող ռեստորանի մասին...

Ֆեյսբուքում նկատեցի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տեսանյութը, որտեղ նա խոսում է Օպերայի շենքում ռեստորաններ բացելու ծրագրի մասին: Կարդացի նաև մի նյութ, որտեղ մշակույթի ոլորի անձինք կողմ/դեմ են արտահայտվում, նշելով, որ փոքր սրճարանը այցելուների համար ընդունելի է. կարծես հանրության բացասական գնահատականից վախենալով չեն կարողանում ասել, որ Աշխարհի խոշորագույն օպերայի շենքերում գործում են ռեստորաններ, ու ոչ մի արտառոց բան այստեղ չկա: Տուրիզմն ունի իր կանոնները և բուֆետները վաղուց վերածվել են սրճարանների և ռեստորանների:

  • Kamo Tovmasyan

Նախ ուզում եմ նշել, որ այս փոստս ոչ մի կապ չունի ոչ քաղաքականության հետ (քանզի ոչինչ չեմ հասկանում ու չեմ հետաքրքրվում), ոչ էլ ուղղված է որևէ մեդիայի, կամ կոնկրետ լրագրողի: Եթե անկեղծ, հիմա չեմ էլ հիշում, թե որտեղ էր վիդեոն, կամ նյութը, ով էր հեղինակը, այդ պատճառով էլ ոչ մի հղում չեմ տեղադրում: Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, ու եթե այն բացասական է, կարող է պատրաստել նյութ, եթե լրագրող է կամ պարզապես գրառում՝ այս ծրագրին դեմ արտահայտվելով: Ինքս հաճախ ճանապարհորդելով և լինելով Աշխարհի մի շարք խոշորագույն մշակույթային կենտրոններում, ուզում եմ իմ տեսակետով կիսվել հետևորդներիս հետ:

Կարծում եմ հիանալի ծրագիր է Երևանի մի շարք մշակույթային կենտրոններն ավելի հետաքրքիր դարձնել թե երևանաբնակների ու թե զբոսաշրջիկների համար: Իհարկե ոչինչ չի համեմատվի մեր մանկության "հացուերշիկի" հետ, որը մենք գնում էինք Օպերայի շենքում գործող բուֆետում՝ ներկայացումների անտրակտի ընթացքում, բայց նույն բուֆետը դա ժամանակակից սրճարանն ու ռեստորանն է, պարզապես մարդկանց մեծ մասը չի ցանկանում ձեռք քաշել անցյալից: Նրանք ցանկանում են տեսնել հենց վատ վերանորոգմամբ սովետական բուֆետ: Միթե տուրիզմի զարգացման համար հիանալի նախագիծ չէ Օպերայի շենքի տանիքին ամենագեղեցիկ տեսարանով ընտանեկան ժամանցավայր բացելը? Չէ, ես հասկանում եմ, որ Ա. Թամանյանը գուցեև դեմ կլիներ...չնայած, ապրեր նա մեր օրերում, միգուցե հեղինակին դուր գար Պրն. Ամիրյանի ծրագիրը?

Բոլոր նրանց համար, ովքեր շտապում են քննադատել՝ չվերլուծելով հարցը մանրամասնորեն, ներկայացնում եմ Աշխարհի խոշորագույն օպերայի, թանգարանային շենքերից մի քանիսը, որտեղ գործում են ռեստորաններ:

ՎԻԵՆՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ

Վիեննայի օպերայի շենքում (թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպայում այն ամենահեղինակավորն է) գործում է Café Oper Wien ռեստորանը: Այն գործում է առավոտյան 08.00-ից մինչ կեսգիշեր, եվրոպական խոհանոց, սուրճերի մեծ տեսականի, ինտերիերը տեսնում եք լուսանկարում: Հասցե՝ Opernring 2, ահա և կայքը:

ՍԻԴՆԵԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆ

Իսկ ինչ կասեք Սիդնեյի օպերայի թատրոնի մասին, որն Աշխարհի ամենահայտնի կոթողներից է և, ի դեպ ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  Թատրոնի առաջին հարկում գործում է շատ գեղեցիկ BENNELONG ռեստորանը, ու չի գործում այն պարզապես թատրոնի ներկայացումներին ներկա մարդկանց համար, սա Սիդնեյի ամենագեղեցիկ տեսարանով ժամանցավայրերից մեկն է, զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող ռեստորաններից մեկը:

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ՕՊԵՐԱ

Նյու Յորքի ԼԻՆԿՈԼՆ կենտրոնում գտնվող ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ կամ պարզապես ՄԵՏ օպերան ամենահայտնի օպերային բեմերից մեկն է: THE GRAND TIER-այսպես է կոչվում թատրոնում գործող ռեստորանը, որտեղ խաշած ձուն արժե 22 դոլար,  իսկ 2006 թ.-ի Louis Roederer Cristal Brut շամպայնը՝ 45:

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նյու Յորքի ոչ պակաս հայտնի ու հեղինակավոր ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ թանգարանում, ի դեպ նույնպես գործում է ռեստորան: Նախ նշեմ, որ թանգարանում ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն է, այն հիմնադրվել է 1870 թ.-ին, և տարեկան այցելուների թիվն անցնում է 5 000 000-ից: Իրականում թանգարանում 3 ռեստորան/սրճարան է գործում, բայց ամենաայցելվողը թանգարանի անդամների Dinning Room-ն է, քանի որ ռեստորանը գտնվում է ամենավերևի հարկում և ունի գեղեցիկ տեսարան:

ԼՈՆԴՈՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Իսկ Լոնդոնի Թագավորական թատրոնում գործում են 4 ռեստորաններ, որոնցից ամենագեղեցիկը Paul Hamlyn-ն է:

ՓԱՐԻԶԻ ԳՐԱՆԴ ՕՊԵՐԱ

Հասանք Փարիզ, նրանք, ովքեր եղել են Փարիզում անկասկած հիացել են Գրանդ օպերայի շենքով: Շատերը միգուցևէ այցելել են օպերայի շենքում գործող օրիգինալ ռեստորան: Գիտեք, թե որ թվականին է Գրանդ օպերան հիմնադրվել՝ 1671: Կարծում եմ հարկ չկա նշել, թե ինչ օպերաներ են այստեղ բեմադրվել և ինչ կարևորագույն մշակույթային կենտրոն է այն ոչ միայն Փարիզի այլև ողջ Եվրոպայի մասշտաբով: L'Opera ռեստորանը բացվել է 2011.-ին, այն գործում է ամեն օր մինչ կեսգիշեր:

ՕՐՍԵ ԹԱՆԳԱՐԱՆ

Շարունակելով Փարիզի թեման հիշենք նաև ՕՐՍԵ թանգարանի առաջին հարկում գործող շքեղ ռեստորանը:

ՊՈՄՊԻԴՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ

Եվս մեկ օրիգինալ ռեստորան Փարիզի արդեն ՊՈՄՊԻԴՈՒ թանգարանի տանիքին: Ռեստորանը կոչվում է GEORGES:

Չեմ կարող չնշել, որ Աշխարհի, թերևս ամենագլխավոր թանգարաններից մեկում՝ փարիզյան Լուվրում գործում են մոտ 8 ռեստորաններ..էլ չեմ ասում առաջին հարկում գործող սուպերմարկետի մասին:

ԼՈՒՎՐ

Լուվրում գործող ամենահաճելի ռեստորանը դա MARLY-ն է, որն ունի բացօթյա սրահ, փակ սրահ և գործում է ողջ տարվա ընթացքում, նույնիսկ ձմռանը: Թանգարանի պաշտոնական կայքում գրված է 8 սրճարանների և 4 ռեստորանների մասին: Ես եղել եմ 3-ում, թանգարանն այնքան մեծ է, որ բոլորը գտնելը բավական երկար ժամանակ է պահանջում:

ԲՈՒՆԴԵՍԹԱԳ .ԲԵՌԼԻՆ

Թանգարանների, օպերային և բալետի շենքերի, մշակույթային և այլ խոշորագույն շինությունների ռեստորանները կարելի է թվարկել ու թվարկել....դրանք շա-շատ են, օրինակ այս մեկը՝ Բեռլինի Բունդեսթագը, որի տանիքին ևս գործում է ռեստորան զբոսաշրջիկների համար: Բեռլինի Բունդեստագը՝ դաշնային ժողովի շենքը երևի թե Եվրոպայում ամենապատմականն է, չէ, որ հենց այստեղ, 1945թ.-ի մայիսի 2-ին սովետական զինվորները տեղադրեցին կարմիր դրոշը: Գունդեստագի տանիքին է գտնվում Dachgarten ռեստորանը:

Շատերին միգուցե այս փոստը ստիպի վերանայել իրենց տեսանկյունը Երևանի օպերայի, կամ մեկ այլ մշակույթային կենտրոնի տանիքին, կամ ներսում ծրագրավորված ռեստորանների վերաբերյալ: Շատերը գուցեև մնան նույն կարծիքին՝ հիմնովին դեմ լինելով նման ծրագրերին: Ուտել բուֆետում թե մաքուր, ցիվիլ սրճարանում, դիտել ֆիլմ հին, սառը դահլիճում թե նորաոճ կինոթատրոնում, ապրել տուրիզմի ոլորտում հետընթաց շարժվող երկրում թե հետևել նոր դարի կանոններին՝ նույնիսկ մշակույթային կենտրոնները դարձնելով զբոսաշրջիկների համար ժամանցի վայր...այս ամենը մեզանից յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է, ընտրությունն էլ յուրաքանչյուրինս է...

 

back-top