l

lifestyle

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ վերակառուցում են, զբոսնենք ու վերհիշենք այն

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ սկսվել են Օղակաձև զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 16 000 քմ տարածք: Հետո՝ մնացածը, հերթականությամբ: Ես որոշեցի Ձեզ հետ միասին զբոսնել Օղակաձև այգում՝ վիզուալ վերհիշելով, թե ինչպիսինն է այն այսօր:

  • Kamo Tovmasyan

Ներկայումս անմխիթար վիճակում Օղակաձև այգին նոր տեսք կունենա: Մոտ 5044 քմ հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ուկրաինայի հայերի միությունը: Այստեղ պլանավորվում է նաև ժամանակակից սքեյթ-պարկ կառուցել: Արևային պանելներ կօգտագործվեն, կբարեկարգվեն կանաչ գոտիները՝ դրանց ժամանակակից լանդշաֆտային դիզայն հաղորդելով, կիրականացվի տարածքի պարագծային LED լուսավորություն։

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 իմ շարքը որոշել էի չշարունակել, սակայն այս թեման կարծում եմ աչքաթող պետք չի անել, ու այսօր ես կրկին գիդի դերում Ձեզ հետ միասին շրջելու եմ Օղակաձև այգու տարածքում: Օղակաձև այգին գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Այն Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այգու երկարությունը 5 կմ է։ Հատուկ մետրոյով եմ եկել նկարահանման, որպեսզի 90-ականների շունչը ճիշտ փոխանցեմ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին Երևանի գլխավոր եկեղեցին է։ Կառուցվել է 1996–2001 թվականներին: Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը: Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը: 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել: 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք: 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը: 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը:

Այս հատվածում է Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, որը տեղադրվել է 2002 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։ Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։ Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։

Փոքրիկ լունապարկ-ատրակցիոն այգի սիրված մուլտհերոսներով: Երեկոյան ժամերին այն դեռ գործում է:

Երևանի գլխավոր հատակագիծը կազմելիս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Օղակաձև այգին նախագծել է քաղաքի օդը մաքրելու և հանգստի վայր դարձնելու նպատակով։ 60-ականներին այգուն հատկացված տարածքը զգալիորեն կրճատվեց, օղակը դարձավ կիսալուսին, իսկ 90-ականների վերջերից սկսած` հանգստի գոտին անկանոն կառուցապատվեց: Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագրով հանգստի գոտին կունենա ոռոգման ու արտաքին լուսավորության նոր համակարգ, կբարեկարգվեն ճեմուղիներն ու ծառուղիները, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Խոստովանենք, որ այժմ այն ավելի քան անմխիթար վիճակում է, այստեղ դեռ 90-ականներից գործող հնաոճ սրճարաններ ու կրպակներ են, կոտրված նստարաններ, կարդես դեռ 1995 թ.-ը լինի:

Մեր նկարիչ Անդրանիկը շատա սիրում կատուներ լուսանկարել, թեմայի հետ կապ չունի, բայց խնդրեց տեղադրել այս կադրը:

Երևանի ամենագեղեցիկ արձաններից ու Քոչարի լավագույն աշխատանքներից մեկը: Վարդան Մամիկոնյանի հուշարձանը նույնպես գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան, քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար: Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականին։

Այգու հատվածում ընդամենը մի քանի ժամանցավայրեր կան, որոնք համեմատաբար արդի են: Մնացածը ավելի հնաոճ, 90-ականները հիշեցնող սրճարաններ են, որոնք կարծես էվոլյուցիա չեն ապրել: Նկարահանման ընթացքում մի սրճարանում սուրճ խնդրեցինք հանգստանալու համար, մատուցողուհին ասաց. Ոնց, բա կոֆեն առանց պլիտկայի եք խմելու?: Հիշեցի 1997թ.-ի առաջին ժամադրությունս, երբ իրոք միայն սուրճի ու շոկոլադե սալիկի գումար ունեի: Մի քանի վայրեր առանձնացնեմ, որոնք խորհուրդ կտամ այցելել այստեղ: սկսեմ ԿԱՐԱՍ-ից, որն ամենաազգային, տնական ու հարմար գներով խոհանոցն է առաջարկում: 

Հարևանությամբ նորաբաց Cloude Monet ժամանցավայրն է, որտեղ դեռ անձամբ չեմ եղել, չեմ կարող կարծիք հայտնել, բայց վիզուալ այն շատ գեղեցիկ է: 

Ամենամեծ, հայտնի ու բազմաֆունկցիոնալ ժամանցավայրն այս հատվածում ՋՈՍ ակումբն է: Կարծում եմ Ձեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ եղել է այստեղ: Ի դեպ, շուտով բացվելու է ՋԱՍ ԳԱՐԴԵՆ բացօթյա հատվածը, նկարահանումների ընթացքում այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանքւմ:

Շատ գեղեցիկ ռեստորան կա այս հատվածում: Կոչվում է ԿՈԼՈԼԱԿ: Այն գտնվում է Messier 53 հյուրանոցի առաջին հարկում: Գիտեք այս ընթացքում բազմաթիվ ռեստորաններ են փակվում, ու հիմա այդքան էլ պարզ չի, թե դրանք ժամանակավոր են դադարեցրել գործել թե ընդմիշտ: Ուստի պանդեմիայից հետո, գուցե այն ամենը, ինչ տեսնում եք, վերափոխված լինի, ամեն դեպքում այցելելուց առաջ ճշտեք:

Օղակաձև զբոսայգու ամենամասշտաբային ու հայտնի կառույցներից է MULTI WELLNESS CENTER-ը: Այն ամենահայտնի ու պրոֆեսիոնալ մարզակումբներից է Հայաստանում:

Ափսոս, որ նկարահանումների ընթացքում չէր գորում ոչ մի շատրվան: Ավելի ամայի տեսք էր հաղորդում այս փաստը այգուն ու ֆոտոշարքին էլ:

Երեկվանից հարցնում եք ինստագրամում, այո այս ֆոտոները հենց Օղակաձև այգում են արված, կարող եք շտապել, քանի շատրվանը միացված չէ:

Որպեսզի նյութն ավելի հետաքրքիր ստացվի, հարակից հատվածներում գտնվող մի քանի պատմական նշանակության քանդակներ ու կառույցներ էլ եմ ներառել հոդվածում: 1957 թվականին շահագործման է հանձնվել ռադիոտան նոր շենքը, 1962 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը լիովին ռադիոֆիկացվել են, 1965 թվականին հիմնադրվել է ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը՝ հեղինակային կատարումների և ռադիոբեմադրությունների ձայնագրությունների համար։ Ներկայումս ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվում են ավելի քան 150 հազար ժ տևողությամբ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարումներ և գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։ 

Ճիշտն ասած չգիտեի, ու հաճելիորեն զարմացա շենքի դիմաց նկատելով, այսպես ասած՝ մեր աստղային ուղին:

Ֆանտաստիկ աշխատանք՝ Եղիշե Չարենցի հրաշահամալիրը: Այն տեղադրվել է 1985-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 18,5 մետր է։ Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության տողերը: Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան:

Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած հատվածը եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին դրանք քանդել են։ Հայաստանի շախմատային ֆեդերացիան (կրճատ՝ ՀՇՖ) հիմնադրվել է 1927թ.-ին, իսկ 1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984 թվականից կոչվում է Տիգրան Պետրոսյանի անունով։ 

Տիգրան Պետրոսյանի հուշարձան շախմատի տան մոտ տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Ճարտարապետ՝ Կառլեն Անանյան, քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Սա Տիգրան Պետրոսյանի առաջին արձանն է Երևանում. երկրորդը 2006 թվականին տեղադրվել է Դավթաշեն թաղամասում։

Օղակաձև այգում նկատեցինք հիմա շատ հայտնի ու սիրված PIZZA PARTY առաքման ծառայության առաքման կետը: Երիտասարդների շրջանում շատ սիրված պիցցաները կարող եք պատվիրել  010-50 77 77 հեռախոսահամարով:

Այս հատվածում զբոսնելիս անհնար է չնկատել ԵՊՀ-ն: Երևանի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ բուհն է: 1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ 

Եվս մեկ ժամանցային կենտրոն Օղակաձև զբոսայգում՝ NOVELLA MUSIC HALL: Իհարկե պանդեմիայի ընթացքում բոլոր համերգային ակումբները լուռ են, բայց հուսանք, երբ ավարտվի այս ամենը, բոլոր ժամանցավայրերը կրկին կբացեն իրենց դռները ու կանցկացնեն տարբեր միջոցառումներ:

Անվերջանալի արահետներ, ոչ այնքան խնամված այգիներ, ծառեր, հին նստարաններ: Այս հատվածում գործող սրճարաններից նշեմ նաև Ֆլագման սրճարանը, որն իր լուսավորվող նավով շատ-շատերին հուշերի գիրկը կտեղափոխի:

Զբոսայգում շատ են արձանները, փորձեմ դրանցից մի քանիսն առանձնացնել: Սա 2000 թ.-ին տեղադրված ՍՊԱՍՈՒՄ քանդակն է: 

Մի հին լուսանկար ունեի այս շատրվանների դիմաց: Կփորձեմ գտնել ու ավելացնել այն: 

Ալեք Մանուկյան

Մենք ջահել ժամանակ այս հատվածը համբուրվողների ու կռվողների այգի էինք անվանում: Հիմա երևի ոչ ոք չի հիշի, չնայած նկարահանելու ընթացքում էլի մի զույգ կռվում էր նստարանին:

Միքայել Նալբանդյանի հուշարձանն է՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։

Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող հատվածում, տեղադրվել է 2012 թվականին։

«Միացյալ խաչ» հուշարձան, տեղադրվել է 2013 թվականին։ Հուշարձանը կառուցված է սպիտակ-մոխրագույն գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։ Պատվանդանին հայերեն և ռուսերեն արձանագրված է «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։ Հուշարձանն իրենից ներկայացնում է հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ՝ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը։ «Միացյալ խաչ» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: Այս հուշարձանի նույնատիպը 1997 թվականին Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասների» պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից։ Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ։

Պիոներ պալատի շենքը: 90-ականներին սա էլ մեր ժամադրության ամենասիրված վայրերից էր:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։ Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։ Երաժշտության տանն իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։  1997 թ.-ին այստեղ առաջին DJ փառատոնն է տեղի ունեցել, հատուկ հյուրն էր DJ Groove-ը, ես աշխատում էի այնտեղ: Հովհաննես Այվազովսկու հուշարձանն էլ գտնվում է հենց հարևանությամբ, տեղադրվել է 2003 թվականին։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը։ Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը պարբերաբար գողանում են։

Նորվեգացի բևեռախույզ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին նույնպես այս հատվածում է, այլ ոչ թե Նանսենի այգում կամ փողոցում: 

Իսկ սա հայ քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի հայտնի «Վերածնունդ», կամ «Նստած Կինը» բրոնզե աշխատանքն է, այն արդեն 48 տարվա պատմություն ունի: 

Ավետիք Իսահակյանի հուշարձանը ևս գտնվում է Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1965-ին։ Ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան, քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։ Ի դեպ, Ավետիք Իսահակյանի հուշարձան և կիսանդրի կա նաև Գյումրիում: 

Առաջին մետրոն, կասետները, որ դիմացը վաճառում էին, ամսագրերը, որ գնում էի ներսից, մետրոյի խոնավ հոտը....այս ամենը 90-ականների հուշեր են, իսկ կայարանը բացվել է 1981 թ.-ին։ Գործարկվել է այն մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում, «Բարեկամություն»-«Սասունցի Դավիթ» գծի բացման ժամանակ։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ 

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր») քանդակը, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։ Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան: Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։ 1950 թվականի սեպտեմբերի 13-ին հեղափոխականների մի խումբ մահափորձ է ձեռնարկում Կուբայի բռնակալ Ֆուլխենսիո Բատիստայի նկատմամբ։ Նրա կինը՝ Մարթան, խոստանում է, որ եթե ամուսինը փրկվի, ինքը Հավանայում կանգնեցնելու է Հիսուսի հսկայական արձանը, ինչպես Ռիո դե Ժանեյրոյում է։ Մահափորձը ձախողվում է, և Մարթան չի մոռանում իր խոստումը։ Արձանը պատվիրում են քանդակագործուհի Խիլմա Մադերային։ Բատիստաներն ուզում էին, որ արձանը լինի սպիտակ մարմարից և բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը։ Ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը։ Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ գտնվող բլրին։ 1958 թ.-ի Ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը։ Մի քանի օր անց՝ 1959 թ.-ի հունվարի 1-ին, Կուբայում տեղի է ունենում հեղաշրջում։ Իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, որը որոշում է պահպանել 320 տոննա կշռող արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։ Երեք տարի անց՝ 1962 թ.-ի հունիսին Իտալիայի Կարրարա քաղաքի Ջունիո հրապարակում տեղի է ունենում նոր պալատի բացումը։ Եվ քանի որ Կարրարան բարեկամական հարաբերությունների մեջ էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ։ Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը։ 1963 թ.-ի օգոստոսի 8-ին Կարրարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին երկաթգծով Երևան է ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ։ Կարրարա քաղաքի կողմից արվող այդ նվերը պետք է դառնար բարեկամության խորհրդանիշ։ Ավելի քան երկու մետր բարձրությամբ մարմարյա երկու ձեռքերը Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակն էին։ Քաղաքապետ Մարտինելլին խնդրել էր Մադերային կերտել դրանք ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերի շնորհիվ ապագա արձանի համար Կարրարայում գտնվեցին և մշակվեցին մարմարի հսկա բեկորները։ Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1965 թվականին։

Վահան Տերյանի հուշարձանն է, տեղադրվել է 2000-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը: Չեմ սիրում այս արձանը, այն չափից դուրս մելանխոլիկ է:

Չգիտեմ նկատել եք թե ոչ այս հայկական հովվաշանը Օղակաձև այգում: Սա Ամստերդամի հայ համայնքի նվերն է մեր քաղաքին՝ 2800-ամյակի առթիվ:

Այգին ավարտվում է Պոպլավոկում: Հենց այստեղ, արդեն մի քանի տարի գործում է ZAZA LAND մանկական խաղահրապարակը:

Պոպլավոկում հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ուստի որոշեցի հին նկար տեղադրել: Առագաստը (Պոպլավոկ), 1960-ական թվականների Երևանի չորս սրճարաններից («Սկվոզնյաչոկ», «Կոպեյկա», «Պոպլավոկ», «Կոզիրյոկ») մեկը: Սրճարանը 1964 թվականին նախագծել է ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը, ով սրճարանը շրջակա բնական ռելիեֆի հետ տեղադրել է բարձրության վրա՝ շինության վերևի մասին հաղորդելով դարավանդի տեսք, իսկ տարբեր մակարդակների միջև եղած տարածությունը զբաղեցրել է սրճարան-«նավի» ներքևի մասը: Նա սրճարանի ձևավորման համար օգտագործել է տենտ, որը պարաններով ամրացրել է կառույցին: «Առագաստ» սրճարանի և «Օղակաձև զբոսայգու» մեկ հատվածի նախագծման համար Ֆելիքս Հակոբյանը ճանաչվել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: Սրճարանը եղել է դերասանների, գրողների, ռեժիսորների, երաժիշտների, արվեստագետների, նկարիչների, ուսանողների սիրած ժամանցային վայրերից մեկը: Սրճարանը Ալեքսանդր Գրինի գրքի անունով հաճախ անվանել են «Ալ Առագաստ»:

Իսկ սա Վիշապաքար է սրճարանի տարածքում (մ.թ.ա. 3-2 հզ):

Պոպլավոկի հարևանությամբ Օղակաձև զբոսայգու ամենավերջին ժամանցավայրն էլ ներկայացնեմ: Իսպանական Casa de Espana-ում ամեն սեպտեմբեր պատրաստում են տարվա ամենամեծ ու համեղ պաեիան, եթե ես իրոք գիդ լինեի ու հյուրերիս ներկայացնեի Օղակաձև այգին, ապա վերջում բոլորի զբոսաշրջիկներին կհրավիրեի հենց այստեղ: Ի դեպ, մտածում եմ այդ մասին, միգուցե իրոք պետք է դառնամ գիդ ու այս իմ ուղեցույցերի ձևաչափով տուրեր կազմակերպեմ Երևանում: Կարծում եմ ինձ մոտ կստացվի, համ էլ նոր աշխատանք կլինի ու նոր ստիմուլ: եթե հավանեցիք այս հոդվածը խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը ֆեյսբուքյան իմ էջում: Շնորհակալություն:

 

 

back-top