l

lifestyle

Անկախության տոնին ընդառաջ! ԻՄ ԵՐԵՎԱՆ ընտանեկան ֆոտոնախագիծը

Ձեզանից յուրաքանչյուրի տանը, վստահ եմ կգտնվեն լուսանկարներ՝ արված նախորդ դարում, Երևանի տեսարժան վայրերում: ԻՄ ԵՐԵՎԱՆ ընտանեկան ֆոտոնախագծի համար ԿամոԲլոգի թիմը փնտրել, գտել և կրկին լուսանկարել է ռետրո լուսանկարների հերոսներին տասնամյակներ անց, նույն վայրում: Ինչպես են փոխվել երևանցիները, նորաձությունը և ինչպես է փոխվել մեր քաղաքը: Նախագիծն իրականացնում ենք Ռոյալ Արմենիա հայկական սուրճերի հետ միասին: Այսպիսով ներկայացնում եմ մեր ֆոտոնախագծի հերոսներին, նրանց պատմությունը, անցյալը և ներկան: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

  • Kamo Tovmasyan

ԻՄ ԵՐԵՎԱՆ ընտանեկան ֆոտոպատմությանը մասնակցել են 34 երևանցիներ: Նկարահանել ենք 3 օրվա ընթացքում: Նախագծի հեղինակը ես եմ, լուսանկարիչներն են Կարեն Դավթյանը և Սարգիս Մկոյանը: Վիդեո նկարահանումները՝ Bogossi Production-ի: Նախագծի գործընկերն է Ռոյալ Արմենիա ընկերությունը, որը լինելով Հայաստանում սուրճի արտադրանքով զբաղվող առաջին ընկերությունը՝ նույնպես տասնամյակների պատմություն ունի, ինչպես այս լուսանկարները: 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր չզլացան, պատրաստվեցին, դիմացան արևին և հարմարվեցին մեր գրաֆիկին: Սա մեր ամենաբարդ նախագծերից էր, քանի որ այսքան տարբեր մարդկանց ու ընտանիքների սեղմ ժամկետում քաղաքի տարբեր ծայրերում լուսանկարելն այնքան էլ հեշտ չէ, որքան պատկերացնում եք, ուստի հուսով եմ Ձեզ դուր կգա մեր ֆոտոպատմությունը և իհարկե մենք կսպասենք Ձեր արձագանքներին մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում: Ներողություն եմ խնդրում բոլոր այն հետևորդներից, ովքեր նույնպես ցանկանում էին մասնակցել այս նախագծին և պատրաստել էին իրենց լուսանկարները: Լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով մենք ընտրեցինք միայն 13 լուսանկար: 

1960/2020. Քչերը գիտեն, որ Հաղթանակի զբոսայգում Մայր Հայաստանի քանդակը տեղադրվել է 1967թ.-ին, իսկ այ մինչ այդ, այստեղ եղել է Ստալինի արձանը: Նկարը պատահական եմ գտել, ցավոք տեղյակ չեմ պատմությանը, բայց քանի որ Ստալինի արձանը 1961թ.-ին հանվել է, այն հավանաբար հենց 60-ականների սկզբին է արվել, կամ գուցե 50-ականներին: Մերօրյա նկարում, 60 տարի անց նկարել ենք ԿամոԲլոգի 13 հետևորդների՝ համեմատելու 60-ականների և ներկայիս հայուհիներին ու իհարկե Մայր Հայաստան հուշահամալիրը, որտեղ նախկինում Ստալինն էր, այժմ՝ Մայր Հայաստան քանդակը:

________________

1979/2020. Սիրվարդ Կասարջյանը հաճախ է այցելում Հաղթանակի զբոսայգի: Լուսանկարն արված է 1979թ.-ին և 41 տարի անց մենք առաջարկեցին նրան կրկին լուսանկարվել նույն վայրում:

_______________

1994/2020. Փոքրիկ Աիդան իր մորաքրոջ հետ լուսանկարվել է Երիտասարդական պալատի ֆոնին 1994թ..-ին: Ցավոք հիմա Երիտասարդական պալատը կանգուն չէ, բայց մենք գտանք հենց նույն վայրը, որտեղ արվել է այս լուսանկարը և առաջարկեցինք նկարի հերոսներին կրկին լուսանկարվել միասին 26 տարի անց:

__________________

1995/2020. Ի սկզբանե մենք նախատեսում էինք այս նախագիծն իրականացնել միայն հայտնի անձանց մանկական նկարներով, ավելի ուշ մտացեցինք, որ պարզապես երևանցիների մասնակցությամբ նախագիծն ավելի հետաքրիքր կլինի մեր հետևորդներին: Բացառությամբ նկարեցինք միայն սիրված շոումեն Արսեն Գրիգորյանին իր հորեղբոր որդու՝ Վահրամ Գրիգորյանի հետ միասին: 25 տարի անց նրանք կրկնեցին նույն լուսանկարը:

_________________

1990/2020. Եվս մեկ լուսանկար իմ սիրած 90-ականներից: Իննա Առաքելյանը նկարում իր դստեր և եղբոր հետ է: Եղբայրն այժմ բնակվում է արտերկրում, այնպես որ Իննան եկել էր նկարահանվելու իր արդեն մեծացած դստեր՝ Աննայի ու որդու՝ Գևորգի հետ: Ի դեպ, Աննան էլ արդեն սպասում է իր երեխային:

______________

1970/2020. Ամենահուզիչ նկարահանումներն էին: Տիկին Արփինեն պատմեց, թե ինչպես է 50 տարի առաջ առաջին անգամ եկել Երևան և այցելել Ծիծեռնակաբերդ: Սա նրա առաջին լուսանկարն է Երևանում ու մեզ հաջողվեց համոզել տիկին Արփիներին 50 տարի անց կրկին լուսանկարվել նույն վայրում մեր նախագծի համար: Անպայման լսեք նրա պատմությունը վիդեո տարբերակում:

________________

1991/2020. Ապրիլի 24-ն է, 1991թ: Լուսանկարում երեք քույրեր են՝ Տաթևը, Սաթենն ու Արմենուհին: 2020-ին նրանք արդեն 7-ն են՝ իրենց երեխաների հետ միասին: Կներեք՝ 8-ը, քույրերից մեկը կրկին բալիկի է սպասում:

__________________

Մեր ընտանեկան ֆոտոնախագծում նկարահանվող բոլոր ընտանիքների համար Ռոյալ Արմենիա ընկերությունը պատրաստել էր իր արտադրած սուրճերի, սրճային ըմպելիքների, տաք շոկոլադների ամբողջական փաթեթ:

1998/2020. Փոքրիկ Վիկան իր ծնողների հետ միասին «Բարեկամության ձեռքեր»-ի մոտ լուսանկարվել է 3 տարեկան հասակում: Այժմ, մեր նախագծի համար նա նույն վայրում նկարահանվում է իր ծնողների և արդեն նաև որդու հետ միասին, 23 տարի անց: Ի դեպ, իր մանկական պայուսակը որպես հուշ Վիկան մինչ օրս պահում է:

______________

1965/2020. Մեր ողջ անձնակազմը տպավորված էր տիկին Մարիետայով: Լինելով նկարչուհի, նա իրոք շատ հետաքրքիր ու տարբերվող անձնավորություն էր, ու հաճելի է, որ մեզ հաջողվեց կրկնել այս լուսանկարը 55 տարի անց՝ նմանատիպ վզնոցով և հովհանոցով:

_______________

1992/2020. Մարջան Հակոբյանն իր մայրիկի և քույրիկի հետ լուսանկարվել է ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի հարևանությամբ գործող «Աստղակերպի նշաններ» շատրվանների մոտ 90-ականների սկզբին: Մարջանի քույրն այժմ բնակվում է արտերկրում և արդեն մերօրյա նկարում Նա լուսանկարվեց մայրիկի և իր երկու երեխաների հետ միասին: Ափսոս շատրվանը չէին գործում, նկարն ավեի գեղեցիկ կստացվեր:

_____________________

1994/2020. Այս լուսանկարում մայրս է (աջ կողմում) ընկերուհիների հետ միասին: Նա պատմում էր, որ դասերից հետո, հաճախ էին ընկերուհիներով զբոսնում Հանրապետության հրապարակում և միշտ արևային ակնոցներով էին: Այս նկարի նոր տարբերակում լուսանկարվել են իմ գործընկերները՝ Մարիամը, Վերոնիկան, Էմման և Ստելլան: Նկարի 5-րդ մասնակիցը՝ Սիլվան քաշեց մեզ ու ուշացավ նկարահանումներից: Փորձել եմ ներկայացնել արդեն մերօրյա ոճային հայուհիների՝ իհարկե կրկին արևային ակնոցներով:

___________________

1960/2020. Փոքրիկ Արուսիկը Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ լուսանկարվել է 2 տարեկան հասակում:  60 տարի անց նա մասնակցում է մեր ֆոտոպատմությանն արդեն իր թոռնիկի հետ միասին: 

________________

1979/2020. Մանո Վարդանյանը փոքր տարիքում լուսանկարվել է «Ազատության հրապարակում» (այն ժամանակ «Թատերական հրապարակ») իր մորաքրոջ երեխաների հետ միասին, ովքեր այսօր բնակվում են Հունաստանում: 41 տարի անց մենք նույն վայրում լուսանկարեցինք Մանոյին արդեն իր երկու երեխաների հետ միասին: 

___________

Սիրելի ընթերցողներ, եթե Ձեզ դուր եկավ մեր նախագիծը, կարող եք թողնել Ձեր կարծիքը մեր ֆեյսբուքյան էջում, կամ կիսվել այս փոստով: Հաջորդ նման նախագիծը պլանավորվում է Վալենտինյան տոնին ընդառաջ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ աշխարհի հայությանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

back-top