Ամեն տարի ՀԱՂԹԱՆԱԿ զբոսայգին մեծ շուքով է նշում մանուկների միջազգային օրը, բայց այս տարի այն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանզի հետքովիդյան, հետպատերազմական իրավիճակներից հետո պետք էր իսկական տոն նվիրել փոքրիկներին: Մանկական համերգային բազմաժանր ծրագիր էր կազմակերպված, ամենուր տարբեր հեքիաթային մուլտ հերոսներն էին շրջում, խաղավարները զբաղեցնում էին փոքրիկներին, սիրված Մաքս ծաղրածուն նկարվում էր բոլորի հետ, երեկոյան գլխավոր բեմում էին Ջուսը, Արսեն Սաֆարյանը, Մոնտանան, Էմիլին ու էլի շատ սիրված արտիստներ: Երեկոյան հրավառությունն էլ կարծում եմ տեսել եք ձեր պատուհաններից, իրոք շքեղ էր: Ի դեպ, հանգստյան օրերին, ինչպես նաև տոն օրերին ՀԱՂԹԱՆԱԿ զբոսայգում միշտ տարբերվող տոնական միջոցառումներ են կազմակերպվում: Նկատելի էր բարեկարգված ուղիները, որոնք ավելի հե՛տ էին դարձնում տեղաշարժը, նոր՝ հեքիաթանման դրամարկղերը, որոնք նոր էին շահագործվում ու արդեն իսկ քարտային համակարգով աշխատանքը, որն ավելի հեշտ էր դարձնում ատրակցիոններից օգտվելու ընթացքը:
ՀԱՂԹԱՆԱԿ զբոսայգում հայտնվել են նոր ատրակցիոններ, գեղեցիկ նորաոճ տաղավարներ, ֆոտոզոնաներ, և դեռ էլի շատ փոփոխություններ են սպասվում։ Ամենամեծ անակնկալը նոր Պտտվող անիվն էր, որտեղից բացվում է երևանյան ամենագեղեցիկ տեսարանը, այն ի դեպ ունի 50 մ բարձրություն, վճարելով 1 500 դրամ պտտվում եք 15 րոպե ու վայելում հրաշալի երևանյան տեսարանը։ Գիտեք, շատ հաճելի է, որ զբոսայգին օր օրի գեղեցկանում և նոր շունչ է առնում: Սա մի վայր է, որտեղ բոլոր սերնդի անձինք անցկացրել են իրենց կյանքի ամենաանհոգ օրերը և նույն մթնոլորտը պահպանվում է առ այսօր: