l

lifestyle

Հանդիպում HENNESSY տան Բրենդ-Ամբասադոր Գիյոմ դը Գիտոյի հետ

Մեր նոր խորագրում ներկայացնում ենք բիզնես հանդիպումներ աշխարհահռչակ բրենդերի ներկայացուցիչների հետ: Խորագրի առաջին հյուրը լեգենդար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դե Գիտոն է: Հանդիպումը տեղի ունեցավ The Alexander, a Luxury Hotel Yerevan-ում: Կա՞ն արդյոք սխալներ, որոնք մենք թույլ ենք տալիս կոնյակ ըմպելիս, ո՞ր երկրներն են հանդիսանում Hennessy կոնյակի ամենամեծ սպառողները, ճի՞շտ է արդյոք, որ Hennessy-ի շիշը ստեղծվել է կնոջ մարմնի ձևաչափով... Այս և այլ հարցերի շուրջ մեր զրույցն ամբողջությամբ դիտե’ք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 

Արդեն 23 տարի Գիյոմ դը Գիտոն հանդիսանում է HENNESSY տան բրենդ-ամբասադորը: 1995 թ.-ից նա ղեկավարել է HENNESSY, այնուհետև՝ Moët Hennessy ֆրանսիական հոլդինգի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը, իսկ վերջին 8 տարիների ընթացքում Moët Hennessy-ի ռիսկերի կառավարիչն է: HENNESSY տունն ամենահայտնի ընտանեկան բիզնես հանդիսացող ընկերություններից է: Այն երկու դարից ավել է, ինչ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների փոխանցողն է:

Դժվար է պատկերացնել, որ Hennessy–ն ավելի քան 2 դարի պատմություն ունի: Ճի՞շտ է արդյոք, որ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայող Ռիչարդ Հեննեսնին սկսել է հետաքրքրվել կոնյակով այն բանից հետո, երբ հրազենից ստացած վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել ծառայությունը:

-Ինչպես գիտեք Ռիչարդ Հեննեսսին ազգությամբ իռլանդացի էր: Բրիտանիան մեծ ազդեցություն ուներ Իռլանդիայի վրա, ինչի արդյունքում իռլանդացիները չափազանց աղքատ էին: Ծառայությունից հետո Ռիչարդ Հեննեսսին բնակություն հաստատեց Կոնյակ քաղաքում, ու սկսեց զբաղվել խաղողագործությամբ: Այստեղից էլ սկիզբ է առել Hennessy-ի պատմությունը:

Հետաքրքիր է, որ Հյուսիսային Ամերիկան այն երկրներից էր, որտեղ և սկսվել է արտահանվել Hennessy, փաստորեն դեռ 18-րդ դարում Ամերիկան եղել է բիզնեսի գլխավոր կենտրոններից մեկը:

-Առաջին անգամ Hennessy-ն արտահանվեց Հյուսիսային Ամերիկա 1794թ.-ին: Ինչպես գիտեք,  Ամերիկայում կա մեծ իռլանդական համայնք, ինչի շնորհիվ էլ Hennessy-ն այդքան պահանջված դարձավ այս մայրցամաքում: Այո՛, ամենամեծ քանակությամբ արտահանումը հենց դեպի Ամերիկա է:

Ռուսաստանում Hennessy սկսվել է մատակարարվել 19-րդ դարի սկզբում, Չինաստանում՝ 19-րդ դարի կեսերին, ունե՞ք արդյոք տվյալներ, թե որ երկրում է այսօր ամենաշատը սպառվում Hennessy:

-Ինչպես արդեն նշեցիք, Հյուսիսային Ամերիկան առաջին տեղում է, որին հաջորդում է Չինաստանը, իսկ երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, Մեծ Բրիտանիան նույնպես բարձր հորիզոնականում է: Կարծում եմ՝ կզարմանաք, սակայն այս ցանկում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում սպառվում է մեկ շիշ HENNESSY, իսկ ամեն տարի տակառներից 5 միլիոն շշին համարժեք կոնյակ է ցնդում օդում:

 

 Շուտով կլինի արդեն 50 տարի, ինչ դուք սկսեցիք համագործակցել Moët & Chandon ընկերության հետ, իսկ ավելի ուշ նաև համախմբվեցիք LVMH Moët Hennessy—Louis Vuitton հոլդինգի կազմում: Ի՞նչ տվեց ընկերությանն այս բիզնես համագործակցությունը:

-1971թ.-ին Hennessy-ն միացավ թանկարժեք շամպայն արտադրող Moët & Chandon ընկերությանը, իսկ 1987թ.-ից այս երկու ընկերություններն արդեն ներառվեցին LVMH Moët Hennessy—Louis Vuitton հոլդինգում, որը զբաղվում է էլիտար խմիչքների և  լյուքս իրերի ներկայացմամբ: Վերջերս Ես Շանհայում էի, որտեղ ներկա էի Louis Vuitton-ի նոր ճամպրուկների շնորհանդեսին: Ճամպրուկները ներկայացված էին Hennessy կոնյակների հետ միասին՝ ներկայացնելով "բարձրակարգ ճանապարհորդություն բացառիկ կոնյակի հետ" ձևաչափը: Հենց նման նախաձեռնությունները, կարծում եմ, այս երկու ընկերությունների համախմբան արդյունավետության արդյունքն են:

Բացի դասական շարքից, Hennessy-ն պարբերաբար ներկայացնում է հատուկ թողարկումներ, ինչպիսին Բարաք Օբամայի ինագուրացիայի առթիվ թողարկված նմուշն է, կամ Պեկինի Օլիմպիադային նվիրված թողարկումը՝ Baccarat հախճապակե բաժակների հետ միասին: Ինչպիսի՞ հատուկ թողարկումներ են մեզ սպասվում առաջիկայում:

-Դա Hennessy-ի քաղաքականությունն է. համաշխարհային մասշտաբով կարևոր իրադարձությունների ժամանակ անակնկալ մատուցել հետևորդներին՝ թողարկելով սահմանափակ քանակությամբ հատուկ նմուշներ: Շուտով Hennessy XO-ն կնշի իր 150-ամյակը, ու կարծում եմ, նման տարեթիվը պետք է որ արժանավորվի յուրահատուկ շարքի թողարկմամբ:

 Ճի՞շտ է արդյոք, որ շշի դիզայնի հեղինակը համեմատել է այն կնոջ մարմնի հետ, ու արդյունքում ստացվել է ահա այս ձևաչափը, որը հիմա մենք տեսնում ենք:

-Շշի այս տարբերակը ստեղծել է Gerald de Geoffre-ը 1947թ.-ին: Իրականում նա համեմատել է շիշը խաղողի ողկույզի հետ, եթե շիշը հակառակ ուղղությամբ շրջեք, կնկատեք, որ այն ավելի շատ նման է խաղողի, քան կնոջ մարմնի:

Կա՞ արդյոք բարձրակարգ կոնյակը վայելելու էթիկա: Ինչպե՞ս պետք է այն խմել, ի՞նչ սխալներ պետք է թույլ չտալ և ո՞ր ուտեստի հետ կարելի է համադրել:

-Եթե ուշադիր զննեք բաժակը, կտեսնեք, որ այն կակաչի ձև ունի, ինչը թույլ է տալիս կոնյակի բույրը լավագույնս պահպանել խմելու ընթացքում: Նկատած կլինեք նաև, որ շատերը խմելուց առաջ անդադար շարժում են բաժակը, սակայն դրա կարիքը բնավ չկա: Այդ դեպքում դուք հակառակը, թույլ եք տալիս կոնկյակի բույրը հոդս ցնդել: Ֆրանսիացիներն օդում ցնդած կոնյակի չափաբաժինները համարում են «հրեշտակների բաժին», և այդ է պատճառը, որ հրեշտակներն այդքան բարի և երջանիկ են: Սխալ չէ նաև կոկտեյլների տեսքով կամ պարզապես սառույցող ըմպելու տարբերակը: Բացառություն կարող եմ համարել եզակի կոնյակների դեպքում սառույցի օգտագործումը կամ կոկտեյլի պատրաստումը: Ինչպես կարող եք, օրինակ, Hennessy Paradise-ը ըմպել կոկտեյլի տեսքով, չէ± որ դուք չեք զգա այդ դեպքում կոնյակի բացառիկ համը: Կան թողարկումներ, որոնք այնպիսի հարուստ ու բացառիկ բույր ունեն, որ դրանք պետք է վայելել առանց հավելումների:

Վերջերս ես հարցազրույց ունեի Պրն Կիլիան Հեննեսսիի հետ, ով, ի տարբերություն, Հեննեսսիի ընտանիքի մյուս անդամների, ստեղծել է իր առանձին աշխարհը՝ էլիտար բույրերի: Արդյո՞ք այսօր Hennessy -ն շարունակում է մնալ ընտանեկան բիզնես, որը փոխանցվում է սերնդե սերունդ:

- Hennessy ընկերությունը շարունակում է պահպանել ընտանեկան ավանդույթները: Hennessy -ի հյուրատանը, մենք ողջունում ենք հյուրերին ու հպարտությամբ ներկայացնում դարերից եկած մեր պատմությունը: Այսօր Hennessy տունը գլխավորում է Մորրիս Հեննեսսին, ով, ի դեպ, եղել է այստեղ՝ Հայաստանում: Տասնամյակներ շարունակ նա գերակտիվ գործունեություն է ծավալել ու անդադար ճանապարհորդել ողջ աշխարհով ու արդեն ժամանակն է հանգստի: Ուրախությամբ հայտնեմ, որ Hennessy գերդաստանի մեկ այլ անդամ՝ Ռոք Հեննեսսին, ով մոտ երկու տարի առաջ միացել է Hennessy տան բիզնեսին, այժմ հետևում է Hennessy -ի ներկայացմանը Չինաստանում: Կարծում եմ՝ հենց նա ապագայում կգլխավորի Hennessy տունը: Այո, Hennessy -ն հսկայական բիզնես է, այո, այն LVMH Moët Hennessy—Louis Vuitton հոլդինգի կազմում է, սակայն ընտանեկան հոգին դեռևս պահպանվում է:

Վերջում չեմ կարող չհարցնել, դուք փորձեցի՞ք մեր հայկական կոնյակը:

-Փորձել եմ դեռ 2 տարի առաջ, երբ կրկին այստեղ էի: Ի դեպ, երեկ երեկոյան էլ եմ փորձել: Ինձ համար հայկական կոնյակը չափազանց թունդ խմիչք է, գուցե դա պայմանավորված է ներառված ինգրեդիենտներով կամ տվյալ տարածաշրջանի կոնյակասերների նախընտրությամբ: Հայաստանն այն երկրներից է, որի ճարտարապետությունն ու մշակույթը միշտ հետաքրքրել է ինձ: Ֆրանսիան ունի ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որի փայլուն առաջնորդն էր Շառլ Ազնավուրը, ով, ցավոք, այս տարի հեռացավ կայնքից: Շառլը, կարծես, հենց հայ ժողովրդի և հայկական համայնքի հայելին լիներ, որի միջոցով կարող էիր ամբողջական կարծիք կազմել հայերի մասին: Ի դեպ, Երևանում մի ռեստորան էի այցելել, որտեղ պատին Ազնավուրի լուսանկարներն էին, ինչը շատ հուզիչ էր, տպավորիչ ու հաճելի: Ինչ-որ զգացմունք ես ապրում Հայաստանում, որը ոչ մի այլ տեղ չի պատում քեզ....

 Նկարահանման վայր՝ The Alexander, a Luxury Hotel Yerevan:

__________

back-top