l

lifestyle

Լիլիթ Հովհաննիսյանի մենահամերգը Երևանում և Dream World Tour համաշխարհային շրջագայության մեկնարկը

Երգչուհու երևանյան մենահամերգը նրա համաշխարհային շրջագայության՝ Dream World Tour-ի մեկնարկն էր: Այս տարի Լիլիթ Հովհաննիսյանը պլանավորում է համերգներով հանդես գալ Աշխարհի ավելի քան 70 քաղաքներում, ու որոշ քաղաքներում համերգի տոմսերն արդեն իսկ սպառված են: Ինչ կարող էիք սպասել Լիլիթից և նրա թիմից՝ գնելով երևանյան մենահամերգի տոմսերը: Շքեղ շոու, վառ բեմական կերպարներ, դուետներ, նոր կատարումներ, հին ու սիրված բալլադներ, լուսային ու վիզուալ նոր էֆեկտներ ու գրաֆիկական լուծումներ: Մենահամերգի լավ ու վատ կողմերը վերլուծում ենք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 

Միակ օրն էր որ չէի աշխատում, մեդիաներին լուսանկարել արգելված էր, ամեն ինչ հսկվում էր Լիլիթի թիմի կողմից, մենք էլ օգտվելով առիթից որոշեցինք գնալ որպես հանդիսատես ու վերջապես հանգիստ վայելել համերգը: Դիզայներ Վահան Խաչատրյանը նույնիսկ Փարիզից 1 օր շուտ եկավ հատուկ համերգին հասնելու համար. "Հաստատ վառ շոու է լինելու, հետաքրքիր է ինչ է կրելու ու ինչով է զարմացնելու"-ասում էր նա: Համերգից օրեր առաջ ինչ ասես թե չէին ասում, էլ որ թիթեռներ են դահլիճ բաց թողնելու, էլ որ Լիլիթը ուղղաթիռով իջնելու է համալիր...բայց ուղղաթիռի էֆեկտը դարասկզբին արել է արդեն Անդրեն, դե թիթեռների պահով էլ, հո Լիլիթը Մարայա Քերին չի (եթե հեգնանքը չհասկացաք, ասեմ, որ Մարայա Քերին տեղին ու անտեղի թիթեռա օգտագործում նկարահանումների ընթացքում): Մի խոսքով, մի կերպ հասանք համալիր ու ներս մտանք: 

Ուրեմն համերգից առաջ փորձում էի Վահրամ Պետրոսյանից տեղեկանալ թե ինչ է մեզ սպասվում: "Կամո ջան շատ սովորական համերգա, ոչ մի զարմացնող բան, պարզապես Լիլիթը երգումա իր սիրված երգերը..."-ասում էր Վահրամը, մենք էլ զարմանում էինք. էսքան տարի մենահամերգ չի եղել, բա ոնց կարա սովորական համերգ լինի: Ու սկսվումա "սովորական" համերգը...ոսկիներ, ադամանդներ, վերևից ձյունա գալիս, ներքևից կրակա դուրս գալիս, աջ ու ձախ կողմերից քամիա փչում, լեդ էկրաններն ավելի մեծ են քան հրապարակի համերգներինը իսկ բեմի վրա էլ էնքան արտիստ կա, որ միանգամից կարելի էր Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն սկսել: Մեկ էլ դուրսա գալիս Լիլիթը, աղջիկնեեեեեերրրրր...

Մեր նկարած լայվը, որն արդեն 50 000 դիտում ունի 1 օրում, վիզուալ ցույց կտա թե ինչ մթնոլորտ էր, բայց նկարել եմ 2 երգ, որ հետո հետաքրքիր լինի դիտել ամբողջական համերգը լավ որակով, մանավանդ, որ լայվում ոչինչ չի հասկացվում: Համերգը սկսվեց 1 ժամ ուշացմամբ: Ես 4 ժամ սպասել եմ իհարկե, որ Մադոննան Բեռլինում բեմ դուրս գա, ու միգուցե դրա մեջ ինչ-որ մարքեթինգային քայլ էլ կա, այնպես որ 1 ժամ հանգիստ սպասեցինք, մինչ Լիլիթը բեմ բարձրացավ: Ընթացքում գրում եմ և դրական և բացասական տպավորություններ, մանավանդ, որ գիտեմ Լիլիթը քննադատությունն էլ ճիշտ կգնահատի: Չնայած, համերգի հետ կապ չունի, բայց լավ չէր, որ համալիրի հայտնի բուֆետը սկզբում չէր գործում: 1 ժամ սպասելով համերգին, փորձեցինք գոնե ջուր գնել ու պարզվեց, որ տարածքում ոչ մի վաճառք չի իրականացվում, խնդրեցինք մեր Նելլիին, ով ուշացել էր, հետը ջուր բերի ու սնիկերս: Հա, ուշանալու հետ կապված, հայեր ջան համերգը 19.00-ն ա, 20.00-ին խի եք գալիս? Հետո էլ Լիլիթին մեղադրում ենք, որ բեմ ուշ դուրս եկավ:

Սկիզբը տպավորիչ էր, վիզուալ նոր էֆեկտներ, հսկայական լեդ էկրաններ, ու շատ հետաքրքիր բեմ: Չեմ հիշում նման բեմ որևէ հայ արտիստ ունեցել է համերգի ընթացքում, թե ոչ, նկատի ունեմ ֆանատների հատուկ շրջանաձև հատվածով, ինչն ավելի է ոգևորում տվյալ արտիստի երկրպագուներին: Տոմսերը 4-30 000 էին, թե 35, չեմ հիշում, դահլիճը ֆուլ էր, շոու-բիզնեսն էլ ներկա. հետաքրքիր է, ով էր տոմս գնել ու ով հրավիրվել...

Ամենատպավորիչ հատվածներից մեկը 3D mapping-ն էր, 3D projection-ը կրկին առաջին անգամ էր օգտագործվում, լուսանկարներով դե ամենը չեք զգա, այ վիդեո  տարբերակում կտեսնեք, եթե համերգին չեք եղել:

Իհարկե զգացվում էր, թե ինչ երկար աշխատանք էր տարվել: Այսքան պարային համարներ, խմբեր, բեմական հագուստներ, նախապես նկարահանված վիդեո հոլովակներ, ու հետաքրքիր է որ այս ամենը հենց Լիլիթի և Վահրամի մտահղացումն ու կազմակերպումն է: Գիտեք Լարս Ֆոն Թրիերին? Դանիացի ռեժիսոր է..Նա իր ֆիլմերի ռեսժիոսորն է, սցենարիստը, մոնտաժողն ու օպերատորը: Բացատրում է այսպես. "Ոչ ոք չի կարող տեսնել այն, ինչ ես ուզում եմ ստանալ ավելի լավ քան ես ինքս..." Կարծում եմ Վահրամի և Լիլիթ մոտ հենց այս պատկերացումն է, ոչ թե չվստահել ուրիշին, այլ պարզապես անել այնպես, ինչպես դու տեսնում ես ու ցանկանում ես ստանալ ավելի արագ: Ես ինքս, տարիներ առաջ սովորեցի վիդեո մոնտաժային աշխատանք, քանի որ գործընկեր մոնտաժողս ահավոր դանդաղ էր շարժվում, ու որպեսզի ավելորդ նեռվեր չքայքայեմ, ինքս սովորեցի մոնտաժ ու աշխատանքս կրկնակի արագացավ:

Բեմական կերպարները Լիլիթը փոփոխում էր գրեթե ամեն երրորդ երգից հետո, բոլորը շքեղ ու նոր:  Իհարկե համերգի որոշ հատվածներում նկատվում էր միջազգային տարբեր շոուների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ոգեշնչում, բայց մյուս կողմից, այսօր դժվար է ստանալ այնպիսի պրոդուկտ, ինչպիսին դեռևս չի եղել: Ամեն ինչ վաղուց արդեն արվել է, պետք է պարզապես ստեղծել որակյալ ու գեղեցիկ աշխատանք երկրպագուների համար: Ինստագրամում մի լավ էջ կա, հետևեք անպայման, կոչվում է diet-prada: Նույնիսկ ամենաառաջատար դիզայներների նոր հավաքածուները համեմատվում է նախկինում արված աշխատանքների հետ, ինչը ցույց է տալիս, որ հեծանիվը վաղուց արդեն հնարվել է, անհնար է չնմանակել էլէմենտներով:

Չեմ կարող չգրել ժողովրդական երգերի շարանի շատ երկար լինելու մասին: Քանի որ սա Լիլիթի առաջին մասշտաբային երևանյան մենահամերգն էր, երգչուհին ներկայացնում էր իր ամբողջական երգացանկը, բայց կարծում եմ ապագայում ճիշտ կլինի համերգներ կազմակերպել ժանրային կոնկրետ ուղղվածությամբ: Օրինակ հիմա Լեդի Գագան Լաս Վեգասում միանգամից երկու շոու է ներկայացնում, մեկն իր հայտնի հիթերի սիրահարների համար, մյուսը՝ ջազ կատարումների, ու երկու համերգներն իրար հետ բացարձակ կապ չունեն: Իհարկե սա խոսում է այն մասին, որ մեր արտիստներն արդյքան հաճախ համերգներով հանդես չեն գալիս, որպեսզի դրանք ունենան ոճային ուղղվածություններ, բայց հարգելի արտիստներ, միշտ հիշեք, եթե երկրպագուները սիրում են ձեր պարային հիթերը, դա դեռ չի նշանակում, որ նրանք ի վիճակի են ոտքի վրա լսել 6 ժողովրդական երկար երգեր...

Չեմ ուզում շատ երկար գրել, ամեն մանրուք քննարկել, ոնց որ ընկերուհիս լինեմ, որ ուր գնում ենք, ուտելիքին անունա դնում: Երևանում տենց ռեստորան չկա, որ գնանք հաց ուտելու ու ինքը հավանի ուտելիքը: Համերգը ստացված էր, վառ, մի քիչ երկար...նու, մի փոքր շատ երկար...Լիլիթը ֆանտաստիկ տեսք ուներ, հրաշալի դռայվ էր ապահովում, "Ռեքվիեմի" ժամանակ հուզվել էինք, "Իմ սրտին ասա" երգի ժամանակ էլ` էլ չդիմացանք...Շնորհակալություն հրավերի, այսպիսի մանրակրկիտ աշխատանքի, որակի և բեմից փոխանցվող այն սիրո համար, որը կարծում եմ բոլոր ներկաները զգացին....

Առջևում Լիլիթի համաշխարհային շրջագայությունն է, ինչպես արդեն ասացի՝ 70 քաղաքներ...Ապրիլի 5-ին՝ Թբիլիսի, Ապրիլի 7-ին՝ Մոսկվա, մենահամերգներ գրեթե բոլոր մեծ երկրներւմ, այդ թվում՝ Կանադա, Ամերիկա, Բրազիլիա, Արգենտինա, Լիբանան, Ավստրալիա, Ուրուգվայ (Ուրուգվայում էլ հայեր կան?), Ֆրանսիա, Բրիտանիա, Իսպանիա..Հաջողություն մաղթենք այս նպատակասլաց ու տարբերվող անձնավորությանը, ով արդեն ավելի քան 10 տարի զարմացնում ու հիացնում է մեզ իր աշխատասիրությամբ, տաղանդով ու իր անհատականությամբ: Լիլիթ, քո DREAM-ը վաղուց արդեն իրականացված է, դու ամենավառն ես աստղային երկնքում:

back-top