l

lifestyle

ՇԵՐԻ 71-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես (և ինչու) 1993 թ.-ին լեգենդը փախավ Հայաստանից Քըրք Քըրքորյանի օգնությամբ

Այս շաբաթ լեգենդար Շերը նշում էր իր 71-րդ տարեդարձը, ու մտածելով ինչպես շնորհավորել երգչուհուն, հիշեցի, որ 12 տարի առաջ ես գրել եմ ծավալուն ու շատ հետաքրքիր հոդված ԷԼ ամսագրում Շերի առաջին ու վերջին այցի մասին Հայաստան: Փորփրեցի արխիվս, գտա նյութը ու այսօր կարծում եմ շատերիդ հետաքրքիր կլինի կարդալ իմ հոդվածներից մեկը, որի համար ժամանակին, ի դեպ պրեմիա էի ստացել, դե այն ժամանակ համացանցն ակտիվ չէր ու տպագիր մամուլն իրական բում էր ապրում: Ինչպես Շերը ժամանեց Հայաստան, սակայն մի քանի օր անց շտապ հեռացավ commercial plane-ով, որը նրա համար պատվիրել էր Քըրք Քըրքորյանը:

  • Kamo Tovmasyan

Ուղիղ 25 տարի առաջ Հայաստան ժամանեց Շերլին Լապիեր Սարգսյանը: 3 օր անցկացնելով մութ ու ցուրտ  Երևանում՝ նա անսպասելի մեկնեց: Ի՞նչ էր փնտրում հոլիվուդյան աստղը հայրենիքում, և որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ նա մի օր նորից կգա Հայաստան

Շերն իր հոր՝ Ջոն Սարգսյանի հետ սկսել է շփվել միայն 11 տարեկանից, երբ Շերի մայրը՝ բրիտանուհի Ջորջիան հաշտվել էր ամուսնու հետ, որից բաժանվել էր, երբ Ջոնը խաղատանը մեծ գումար էր տանուլ տվել: Այդ տարիների ողջ ընթացքում Ջոնն իր ֆերմայում զբաղվում էր մեքենաշինությամբ: Երբ Շերը 14 տարեկան էր, նրա ծնողները կրկին բաժանվեցին, և հոր հետ Շերի հաջորդ հանդիպումը կայանում է միայն 25 տաիր անց՝ 1985-ին, երբ  Ջոնը մահանալուց առաջ խնդրում է իր մոտ բերել սիրելի դստերը: Նա խնդրում է Շերին խոստանալ, որ կայցելի իրենց հայրենիք՝ Հայաստան, և կգտնի հարազատներին, որոնց կորցրել էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Շերը չէր կարող մերժել հորը, սակայն նա իր խոստումը կատարեց միայն 8 տարի անց՝ 1993-ին: Սա ամերիկյան PEOPLE հեղինակավոր ամսագրի վարկածն է, որի հատուկ թղթակից Սյուզան Չիվերն ուղեկցել է երգչուհուն Հայաստան: Շերի հետ Երևան էին ժամանել մոտ 2 տասնյակ լրագրողներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ, ինչպես նաև նրա մենեջեր Պոլետ Բեթսը և 28-ամյա ընկերը՝ Ռոբ Քամիլիեթին: Շերը Հայաստան էր եկել Անգլիայից, ուր մեկնել էր հանդիպելու իր 17-ամյա որդու՝ Էլաջային, որն այն ժամանակ սովորում էր բրիտանական լավագույն ուսումնական հաստատություններից մեկում: Հայաստանն այդ տարի ապրում էր իր ամենածանր ժամանակաշրջանը: Շերի երգերը հնչում էին միայն ռադիոյի, մասնավորապես «Ստերեո ստուդիայի» եթերով, իսկ տեսահոլովակները հազվադեպ ցուցադրվում էին Արմեն Ամիրյանի «Խճանկար» ծրագրում: Հայաստանում Շերին ճանաչում էին, սակայն որպես փոփ-աստղ նա մեզ մոտ սիրվեց իր 1997-ի Believe ալբոմից հետո, ուստի նրա այցն ավելի հետաքրքրեց արտասահմանյան մամուլին, որը մեկնաբանեց այցը՝ որպես երգչուհու հերթական բարեգործական ակցիա: Իր հետ Շերը բերել էր 45 տոննա օգնություն՝ դեղորայք, գրենական պիտույքներ և խաղալիք: Ժողովրդի շրջանում երգչուհու այցի հետ կապված ամենատարածված լուրն այն էր, որ Շերն օգնության հետ մեկտեղ բերել էր զենք՝ղարաբաղյան մարտերին աջակցելու համար: Այս վարկածը տարածվել էր պետական մարմիններից մեկի աշխատակցի այն արտահայտության պատճառով, թե երգչուհին իր հոգևոր մասնակցությունն է բերել նաև Արցախին: Հայկական մամուլը հետևում էր ոչ թե Շեր-երգչուհու և դերասանուհու, այլ Շեր-հայուհու այցին:

Հայկական կողմից քչերն էին մասնակցում այս իրադարձությանը: Նրանց թվում էր լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը: «Ֆոտոլուրի» թղթակիցը նշում է, որ Շերի այցը հենց առաջին վայրկյաններից վերածվեց բեմականացված ներկայացման, որին երգչուհին, կարծես, պատրաստվել էր վաղուց: Նրա յուրաքանչյուր բացականչությունը ձայնագրվում էր լրագրողների կողմից, իսկ ցանկացած շարժում հավերժացվում ռեժիսորների և նկարիչների կողմից, որոնք հավանաբար աստղի մասին ֆիլմ էին նկարում: Զվարթնոց օդանավակայան իջնելով՝ երգչուհին ասաց.«Աստվա´ծ իմ, որքան դուք՝ ամենքդ, նման եք ինձ…»: Հետաքրքիր է՝ ում նկատի ուներ 46-ամյա աստղը, որը պլաստիկ վիրահատությունների շնորհիվ հազիվ 30-ի տեսք ուներ: Շերը հանգրվանեց «Արմենիա» հյուրանոցում, որը, չնայած այն ժամանակ լավագույնն էր, բայց, միևնույն է, զուրկ էր կենցաղային հարմարություններից: Երևանում շրջելիս երգչուհին անընդհատ նկարվում էր կոտրած ծառերի հետ՝ կարծելով, թե դրանք պատերազմի հետքերն են՝ չհասկանալով՝ ինչու են բնակիչները կոտրատում դրանք այրելու և տաքանալու համար: Արդեն երեկոյան հյուրանոց վերադառնալով՝ նրա հարցերը պատասխան ստացան: PEOPLE-ը նշում է, որ Շերն իր մաշկը խնամում էր մոմի լույսի ներքո, քնում էր տաքացվող վերմակների մեջ և ամենուր հայտնվում էր բանդանայով կամ կովբոյի գլխարկով՝ թաքցնելով այդպես իր չխնամված մազերը, որոնք Երևանում այպես էլ մնացին անլվա տաք ջրի բացակայության պատճառով: Երևանի պետական համալսարանում հանդիպելով մոտ 1000 ուսանողների՝ Շերն անկեղծացել է. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչու եմ այստեղ, բայց ես ինչ-որ պատքի զգացում ունեմ, եթե եկել եմ»:

Համալսարանի ուսանողուհի Անահիտ Դավթյանը հիշում է, որ Շերին ուսանողներն այնքան էլ լավ չէին ճանաչում, սակայն նրանց տեղեկացրել էին ամերիկահայ երգչուհու այցի մասին և խնդրել էին դիմավորել հայրենակցուհուն ծափողջույններով: Ամենացնցող պահերից մեկը Շերի այցն էր մանկատուն, ուր երեխաները նրա համար հայկական երգեր և բանաստեղծություններ կատարեցին: Որպես շնորհակալություն՝ Շերը գրկեց յուրաքանչյուրին և նվիրեց հագուստ ու Բարբի տիկնիկ: Շերի հաջորդ քայլը հայկական ընտանիքներ հաճախելն էր, որի ժամանակ նրան ուղեկցել են  միայն ամերիկացի լրագրողները: Երևանում, այցելելով Քերոբյանների ընտանիք, նա հյուրասիրվել է բրնձով, կարտոֆիլով, կաթով և տանտիրուհու՝ տիկին Ալվարդի հետ անկեղծ զրույցի է բռնվել: Տիկին Ալվարդը պատմել է, թե իր՝ 40-ն անց կնոջ համար ինչ դժվար է աշխատել այնքան, որ կարողանա հոգալ 18-ամյա որդու՝ Վահանի ուսման ծախսերը (ի պատասխան Շերը հավանաբար անկեղծացել է, թե իր՝ 40-ն անց կնոջ համար ինչ դժվար է 18 տարով երիտասարդ սիրեկան ունենալ): Նույն օրը Շերը կատարում է իր հեթական հայրենասիրական քայլը: Աղաբեկյանների ընտանիքում նա հանդիպում է փոքրիկ Քրիստինեին, որը ծննդյան օրից ի վեր մասնակի կաթվածահար էր: Ընտանիքի ընկերներից մեկը, մեկնելով ԱՄՆ, կարողացել էր հանձնել Շերին նամակ, որում Աղաբեկյանները խնդրում էին օգնել աղջկան՝ բուժվելու համար տեղափոխվել ԱՄՆ:

Դուրս գալով եկեղեցուց՝ Շերը հանդիպում է քանդակագործների, ովքեր խաչքար էին փորագրում: Մոտենալով վարպետներին՝ նա խնդրում է օգնել իրեն նույնպես փորագրել: Մխիթարն այս պահի հետ կապված հիշում է. «Այդ մի քանի րոպեները նման էին մի մեծ շոուի, որը բաց չթողեցին լուսանկարիչներն ու ռեժիսորները»: PEOLPE-ն այդ պահը լուսաբանել է ավելի պատկերավոր. «Շերի սև հագուստն ամբողջովին պատվել էր թեփով, երբ երգչուհին թափ տվեց այն և հայտարարեց. «Այս պահից ես սկսեցի զգալ հայրենիքս…»: Ցավոք, հայրենիքն զգալուն պես Շերը հավաքում էր իր ճամպրուկները, որտեղ գերակշռում էին կաշվե տաբատները և բաճկոնները. ի դեպ՝ այդ 3 օրերի ընթացքում նա երևում էր միայն դրանցով: Նա հայտնել էր, որ 7 օրվա փոխարեն Հայաստանում կմնա 5 օր, սակայն 3-րդ օրվա գիշերը երգչուհին անսպասելի մեկնում է: Ըստ PEOLPE-ի՝ հայրենիքի հետ հանդիպումը չափազանց էմոցիոնալ էր Շերի համար, և երգչուհին Հայաստանում չէր կարող անցկացնել ոչ մի օր այլևս: «Արմենիա» հյուրանոցի այն տարիների աշխատակիցներից մի քանիսը, ովքեր հերթապահել էին այդ գիշեր, վկայում են, որ երգչուհին ողջ գիշեր վիճել է իր ընկերոջ՝ Ռոբի հետ, որը նույնիսկ փորձել էր հեռանալ հյուրանոցից: Այն ժամանակ հյուրանոցի աշխատակազմն անգլերենով «զինված» չէր, սակայն, ըստ էության, 28-ամյա դերասանը, չդիմանալով հայաստանյան պայմաններին, փորձել է հեռանալ երկրից և Շերը միացել է նրան: 11 տարի անց հայուհին ստիպված է լինում վերհիշել ուղևորությունը: Իր հրաժեշտի շրջագայության սահմաններում 58-ամյա երգչուհին առաջին անգամ այցելում է Մոսկվա, 2004-ի հունիսին: Նրա մենեջերներն օդանավակայանում հավաքված  լրագրողներին և լուսանկարիչներին զգուշացնում են, որ եթե երգչուհու թիկնապահները դուրս գան բութ մատը վերև պահած, ուրեմն կարելի է նկարել, ներքև պահած՝ նկարել խստիվ արգելվում է…

Լրագրողներից մեկն ուղղեց ամենահետաքրքիր հարցը. « Սիլվա Կապուտիկյանն իր գրքերից մեկում նշում է, որ երբ Կոլումբոսը մոտեցել է Ամերիկայի ափերին, նրա նավում եղել է 2 հայ: Ուրեմն ո՞վ է բացահայտել Ամերիկան»: Շերին այնքան է դուր եկել հարցը, որ երգչուհին թույլատրել է լրագրողին համբուրել իր ձեռքը: Ավելի ուշ, Ararat Park Hyatt-ում երգչուհին մասնակցել է իր պատվին կազմակերպված ճաշկերույթին, որին ներկա են եղել նաև  Արա Աբրահամյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, UNIASTROM բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը և այլ անձինք: Արմեն Սմբատյանը հենց ճաշկերույթի ժամանակ հրավիրել է երգչուհուն ևս մեկ անգամ այցելել հայրենիք՝ խոստանալով, որ այս անգամ շրջագայությունն ավելի տպավորիչ կլինի նրա համար: Շերը խոստացել է մտածել առաջարկի մասին ու մոտ ապագայում ժամանակ գտնել Հայաստան այցելելու համար: Որպես նվեր՝ Շերին հնձնվել է իր պատկերով հայկական տարազ, հայկական գորգ և կոնյակ:

Մեկնումից առաջ՝ Կարմիր հրապարակում զբոսնելուց և գնումներ կատարելուց հետո, Շերը վերադարձել է ավտոբուս, որտեղ ակամա դարձել է «հնդկական ֆիլմի հերոսուհի»: Դեպի ավտոբուսն էր վազել մի տարեց տղամարդ և ցույց տալով զինվորական համազգեստով մի տղամարդու նկար՝ բղավել էր Շերի հոր անունը: Մանվել Սարգսյանի պնդմամբ՝ իր հայրը՝ Վարդանը և Շերի հայրը եղբայրներ են եղել: Երգչուհու հոր անունը եղել է Կարապետ, որն իր 2 եղբայրների հետ մեկնել է պատերազմ: Եղբայրները սպանվել են, իսկ Կարապետը, փախչելով Բուլղարիա, ավելի ուշ տեղափոխվել է Ամերիկա, որտեղ և դարձել է Ջոն Սարգսյան: Մանվելը պատրաստ էր նույնիսկ հանձնել արյան ԴՆԹ-ի թեսթ՝ հաստատելու համար իր արյունակցական կապը երգչուհու հետ: Շերը, չլսելով այս պարզաբանումները, մեկնել է՝ նշելով միայն. «Այս տղամարդն իրոք տվեց իմ հոր անունը»: Մանվել Սարգսյանը երգչուհու միակ «եղբայրը» չէ: Մեկ այլ հայ՝ Վարզադատ Սարգսյանը, որն ապրում է Երևանում, համոզված է, որ նա Շերի իսկական եղբայրն է: Հայկական մամուլում նա նշել է, որ Շերը Հայաստան կատարած այցի ժամանակ ցույց է տվել իր հոր լուսանկարը և փորձել է գտնել բարեկամներին: «Այն ժամանակ երգչուհու հետ կապ հաստատելու ոչ մի հնարավորություն չկար»,- ասել է Վարազդատը: Նրա պնդմամբ Ջոն Սարգսյանը մինչև Ամերիկայում հայտնվելը ապրել է Աբովյան քաղաքում: 40-ականներին նա մեկնել է պատերազմ ու անհետ կորել: «Ջոն Սարգսյանը իմ հայրն է, Թաղիանոս Սարգսյանը, որի մահվան մասին չնայած լուր էր ստացվել,սակայն ընտանիքի անդամները համոզված են եղել, որ նա ողջ է,-նշում է Վարազդատը և ավելացնում:- Ինձ ոչինչ պետք չէ, ուղղակի ցանկանում եմ հանդիպել քրոջս: Մեր հայրն աշուղ է եղել, ահա թե ինչու է Շերն այպես լավ երգում»:

Շերի « 2 եղբայրներն էլ» բացի լուսանկարից ոչ մի այլ ապացույց չեն կարողանում ներկայացնել, իսկ Շերն առանց այն էլ ոգևորված չէ եղբայրների հայտնաբերմամբ: Իր սկանդալներով, սիրային կապերով և տարօրինակ հագուստներով հայտնի հայուհին առանց այն էլ խնդիրներ շատ ունի: Այս տարի մայիսի 20-ին նա նշեց իր 60-ամյակը: Նախորդ ամիս Vanity Fair ամսագրի երեկոյին հայտնվելով Կարլ Լագերֆելդի հետ՝ նա նշել է, որ բացի իր ես-ից՝ այժմ իրեն ոչինչ չի հետաքրքրում:

 

back-top