l

lifestyle

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑՆ ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Ուժեղ անձրև էր, մոտ կես ժամ...մի կողմից հավես էր, մյուս կողմից նկարահանումներին խանգարում էր: Սպասեցի, արևը դուրս եկավ ու թաց մայթերով սկսեցի նորովի բացահայտել Ամիրյան փողոցը: Չեք մոռացել չէ, ես Ձեր անձնական գիդն եմ՝ Կամոբլոգը: Ամեն շաբաթ ներկայացնում եմ Երևանի գլխավոր փողոցների պատմամշակութային, ժամանցային անկյունները, երևանաբնակների ու քաղաք ժամանած հյուրերի համար: ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2020 շարքի գործընկերն է առաջին հայկական սուրճը՝ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՆ:

  • Kamo Tovmasyan

Հուսով եմ պատրաստել եք արդեն Ձեր սուրճը ու ինձ հետ միասին սիրով կզբոսնեք Երևանի ամենամարդաշատ փողոցներից մեկում: Ամիրյան փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։ Ամիրյան փողոցի երկարությունը 900 մետր է:

Հանրապետության հրապարակը նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին։ Նրա ծավալատարածված հորինվածքն ընդգրկել է վարչական շենքեր՝ Կառավարական տունը, Կառավարական 2-րդ տունը, Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը։ Կառույցների մեծ մասի շինարարությունն ավարտին է հասցվել մինչև 1950 թվականը, իսկ վերջին շենքի՝ Ազգային պատկերասրահի կառուցումն ավարտվել է 1977 թվականին։ 

Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1991 թվականը կանգնած է եղել Լենինի արձանը։ Հայաստանի անկախացումից հետո արձանը հանվել է։ Խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից 1940 թվականին։ Արձանը տեղադրվել է տասնմեկ մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա և ուղղված է եղել դեպի Ազգային պատկերասրահի ապագա շենքը։ 2000 թվականին պատվանդանի տեղում տեղադրվել է քսանչորս մետրանոց խաչ՝ լուսավորված փոքր լամպերով: Տեղադրումն ավարտվել է 2001 թվականի նախօրեին, երբ Հայաստանի և հայ առաքելական եկեղեցին տոնել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակը: Խաչը լուսավորվել է 1700 լամպերով և մնացել տոնակատարության կենտրոնական խորհրդանիշն ամբողջ տարվա ընթացքում: Տոնակատարությունների ավարտին՝ 2001 թվականի վերջին, խաչն ապամոնտաժվել է: 

Հրապարակը կազմված է երկու մասերից: Առաջինը՝ շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակ է, որն ըստ մտահղացման բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ: Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որ տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի դիմաց: Հրապարակի շուրջը գտնվող շենքերը կառուցված են վարդագույն և սպիտակ տուֆից, իսկ դրանց ստորին մասը՝ բազալտից:

2003 թվականին՝ հրապարակի վերանորոգման ժամանակ, շինարարական աշխատանքների ընթացքում՝ ասֆալտի վերին շերտը հանելուց հետո հայտնաբերվել են պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կավե սափորների մասեր ու ջրատար խողովակներ։ 4 մետր բարձրություն ունեին այդ նկուղային հարկաբաժինները։ Ստորգետնյա քաղաքը թանգարանի չվերածվեց, սակայն նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ապագայում պլանավորում է վերաբացել այս պատմական մեծ արժեք ունեցող հատվածը:

 

Մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը փոխել է իր տարբերանշանը: Այն կարող եք նկատել արդեն թարմացված դիզայնով նոր փաթեթավորումներին: Առաջին ու ամենատարածված հայկական սուրճն արտադրող ընկերությունը որոշել է Հայաստանում ամենաշատ վաճառվող աղացած սուրճի փաթեթավորումն ավելի արդի դարձնել: Սա հենց առաջին թողարկված տուփերն են, երևի թե առաջինը Դուք եք տեսնում: Արդեն 23 տարի Ռոյալ Արմենիան կայացել է որպես ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը հետևող առաջատար արտադրող ընկերություն, որի նպատակն է բավարարել Հայաստանի և արտերկրի սպառողների ամենաբարձր պահանջները: 

Արմենիա Մարիոթ հյուրանոցն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հյուրանոցի շենքը կառուցվել է 1950 թվականին։ Որպես «Արմենիա» հյուրանոց սկսել է գործել 1958 թվականից։ Խորհրդային ժամանակաշրջանում եղել է գլխավոր տուրիստական հյուրանոցը։ 1998 թվականին AK Development կազմակերպությունը 40 միլիոն դոլար ներդրումով հիմնովին վերանորոգել է հյուրանոցն՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ 

Հյուրանոցի ներսում գործում է Կուչինա ռեստորանը, բացօթյա հատվածում՝ Միթինգ Փոինթ սրճարանը, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս ահա այս բացօթյա վերանդան, որտեղից բացվում է հրաշալի տեսարան:

Ի դեպ, վերջերս հյուրանոցը գործարկել է բացօթյա լողավազան, այս փողոցում սա միակ բացօթյա լողավազանն է:

Հանրապետության հրապարակում իմ ամենասիրած շենքը Կառավարության երկրորդ շենքն է իր սյուներով: Այն կառուցվել է 1955 թվականին Սամվել Սաֆարյանի, Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի նախագծով։ Առաջին հարկի պատուհանների վերևի ֆրիզն անավարտ է։ 1996 թվականից մինչև 2016 թվականը շենքը պատկանել Արտաքին գործերի նախարարությանը։

Արմենիա Մարիոթ հյուրանոցի անմիջապես հարևանությամբ ՇԵՐԵՓ հայկական ռեստորանն է: 60-ականներին այս շենքում գործել է ԱՐՄԵՆԻԱ սրճարանը, իսկ 2017թ.-ից՝ ՇԵՐԵՓ հայկական ռեստորանը:

Ժամանակակից Ամիրյանի առաջին ու ամենասիրված սրճարաններից մեկը՝ Coffeeshop Company ավստրիական ցանցի առաջին սրճարանը 6 տարի առաջ հենց այստեղ է բացվել: Այժմ արդեն գործում են 3 Coffeeshop Company-ներ Երևանում, նախորդ տարի բացվել է Espress It by Coffeeshop սրճարանը Հյուսիսային պողոտայում, իսկ ամռանն էլ կբացվի ևս մեկ սրճարան Թումանյան փողոցում: 

Ամիրյան 3՝ ամենագեղեցիկ սյունազարդ բալկոններով շենքը.... 

Հատկապես զբոսաշրջիկներին կհետաքրքրի Rent a Car N1 ավտովարձույթի սրահը, որը ներկայացնում է Հայաստանում լյուքս դասի մեքենաների ամենամեծ տեսականին: Գրասենյակը հենց այս հատվածում է, դուք կնկատեք դրսում տեղակայված շքեղ ավտոմեքենաներից: Ցանկացած միջոցառումների համար, պարզապես զբոսաշրջիկների համար, նկարահանումների համար կարող եք այստեղից ամրագրել լյուքս դասի բոլոր մեքենաները: 

Ամիրյան 4/3-ում Hotel National-ն է: Ես սիրում եմ այս հյուրանոցը առաջին հարկում գործող շուրջօրյա Rose բարի համար, որտեղ օրվա ցանկացած ժամին կարող ես համեղ սնվել, երբեմն նաև լսել բենդերի լայվ կատարումներ: 

Ամիրյան 4/6 հասցեում Кавказская Пленница ռեստորանն է, համանուն ֆիլմի մոտիվներով: Բացի շատ համեղ խոհանոցը, ներսում խորհրդային շեդևրալ ֆիլմի հերոսներն են, տեսարաններ ֆիլմից, կովկասյան պարեր: Ամիրյան/Զաքյան խաչմերուկում էլ՝ հենց դիմացը, Երևան Պանդոկն է, ևս մեկ շատ սիրված ու համեղ ռեստորան այս փողոցում:

Փողոցի ամենագեղեցիկ շենքերից մեկը 19-րդ դարի կեսերին հիմնված Հռիփսիմյան օրիորդաց դպրոցն է: Շենքն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Օրիորդաց գիմնազիան հիմնվել է 1850 թվականին Երևանում՝ Կովկասի Սուրբ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Ուսուցումը եղել է ռուսերենով։ Դասավանդվել են կրոն, հայերեն, ռուսերեն, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն և ձեռագործ։ 1917 թվականին Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորել է 526 աշակերտ, որից 352-ը՝ հայեր։ 1918 թվականին ազգայնացվել է, դարձել հայկական օրիորդաց գիմնազիա։ 1918-1920 թթ. այս շենքում է գործել Հայաստանի խնամատարության և աշխատանքի նախարարությունը: 1996 թ. շենքը գնել է բրիտանահայ գործարար, անգլիաբնակ Վաչե Մանուկյանը: 

Ներկայիս Ամիրյան փողոցում է գտնվել ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1869-1900թթ)։ Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի`Ամիրյան փողոցի կառուցման համար անհրաժեշտություն էր առաջացել քանդել եկեղեցին, որը դադարել էր գործելուց. մինչև 1940-ական թվականները այն վերածվել էր «Անաստված» կոչված կինոթատրոնի: Քանդելուց հետո 1951 թ. եկեղեցու տեղում կառուցվել է Եղիշե Չարենցի անվան դպրոցի շենքը: 

Եղեկեցու տեղում այժմ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցն է։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Դպրոցը հիմնադրվել է 1951 թվականին։ Հանրապետությունում առաջին դպրոցն է, որ 1961 թվականին ստացավ անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն։ Դպրոցն ունի իր ավանդույթները. Եղիշե Չարենցի ծննդյան և մահվան օրերի, հայ և օտարազգի մեծանուն բանաստեղծների և գրողների, պատմական և մշակութային գործիչների հոբելյանների նշումը, առաջին դասարանցիների երդման արարողությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, շեքսպիրյան և սարյանական օրեր, բաց դասեր։ 1998 թվականից դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ասոցիացիայի անդամ։ 1999 թվականին Տորոնտոյի ՀՕՄ-ի Ամենօրյա և ԱՄՆ-ի Ֆերհայան վարժարաննեի հետ դարձել է քույր-դպրոց։ 

1957 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Եղիշե Չարենցի կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)։

Ամիրյան փողոցի սրճարանները, որոնք IQOS ֆրենդլի են, այսինքն այստեղ կարող եք օգտագործել IQOS: Mr. Hookah, Coffeeshop Company:

Հասանք Ամիրյան/Մաշտոց: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը հիմնադրվել է 1923 թվականին, Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ՝ նորաստեղծ կոնսերվատորիային կից։ Մինչև 1975 թվականը տվել է 3000-ից ավելի շրջանավարտ, այդ թվում ճանաչված կոմպոզիտորներ, երաժիշտ-կատարողներ, միջազգային փառատոների և այլ մրցույթների դափնեկիրներ։ Ունի դաշնամուրային, լարային, վոկալ, փողային, տեսական-կոմպոզիտորական, խմբավարական և ժողովրդական գործիքների բաժիններ, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, քանոնահարների և ժողովրդական գործիքների անսամբլ։

Ամենալայն, հարմար ու գեղեցիկ խաչմերուկներից է: Մաշտոցի պողոտան շատ եմ սիրում, ու հիմա պատրաստում ենք ծավալուն հոդված այս փողոցի մասին ևս:

Եվս մեկ հին ու հայտնի, մի փոքր խարխուլ վիճակում գտնված շենք Ամիրյան փողոցում: Շենքը դրսից գեղեցիկ է, բայց երբ այստեղ որոշել էի բնակարան գնել, հասկացա, որ ներսից այն այլ տեսք ունի, միջանցքները մութ են, բազմաթիվ բնակարաններով, ցավոք այն այդքան էլ հարմար չէր որպես բնակելի շենք: Շենքի առաջին երկու հարկերում ԱՐԱՅ տեխնիկայի սրահն է:

Ամիրյան 15ա հասցեում քաղաքի լավագույն հուկահ ռեստորաններից մեկն է գործում՝ Mr.Hookah-ն: Երկու փակ սրահներ, բացօթյա սրահ, հրաշալի նարգիլե, շաաաատ համեղ խոհանոց ու սթաֆն էլ շատ ընկերական են:

1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի։ 1998 թվականից ինստիտուտը ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ 1999 թվականին Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում հանրապետության միակ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունն է։ 

Թատերական ինստիտուտի անմիջապես դիմաց գործում է Helios Podology կենտրոնը: Բոլորին խորհուրդ եմ տալիս, հրաշալի բժշկական և էսթետիկ կենտրոն է մասնագիտացված հենց ոտքերի, ձեռքերի խնամքի հարցում: 

Երևանյան երկրորդ ԳՈԼԴՍ ՋԻՄ մարզասրահը Ամիրյան/Սարյան փողոցների հատման հարևանությամբ է: Ի տարբերություն առաջին՝ ավելի մեծ Գոլդս Ջիմ սրահի, այն ավելի կոմպակտ է, համեմատաբար իհարկե, ու այստեղ ավելի հաճելի է մարզվել, համենային դեպս ինձ համար:

Առաջին հարկում գործում է քաղաքի լավագույն կենտրոններից մեկը՝ Gold's Medical Spa-ն, որը հիմնադրել է բժիշկ-կոսմետոլոգ Կրիստինա Բաբայանը: Ի դեպ՝ Կրիստինան Միսս Հայաստան 2000 տիտղոսակիրն է:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 շարքը ես ներկայացնում եմ առաջին հայկական սուրճի՝ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ հետ միասին: 

Ահա և հասանք Սարյան փողոց, այն կներկայացնեմ Ձեզ մոտական շաբաթների ընթացքում: Եթե հավանում եք այս շարքը, խնդրում եմ կիսվել Ձեր սոցէջերում և թողնել կարծիք մեր ֆեյսբուքյան էջում: Շարքի նպատակը ներգնա տուրիզմի զարգացումն է, ինչպես նաև երիտասարդ սերնդին, պատմական Երևանի հետ ծանոթացումը, եթե նոր սերնդին իհարկե տիկտոկից էն կողմ ինչ-որ բան հետաքրքրում է: Առաջիկայում պլանավորվում է նաև ներկայացնել արդեն Հայաստանի քաղաքները, բայց տեսնենք ինչպես կստացվի, չեմ ցանկանում խոստանալ: 

Եթե բաց եք թողել, կարող եք նաև դիտել ԱՐԱՄԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԱԲՈՎՅԱՆ փողոցների մասին պատմող թոստերը:
____________

 

back-top