l

lifestyle

Երևանից Լոս Անջելես! Դիզայներ Անի Հովսեփյանն իր ANIKO բրենդի և նորաձևության մասին

Հիշում եք այս տարվա Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի ամենաքննարկված զգեստներից մեկը՝ Make France Great Again-ը, որի մասին գրում էր ողջ Եվրոպան? Անի Հովսեփյանը չէր մտածում, որ իր ստեղծած զգեստը կդառնա համացանցի ամենաքննարկվող զգեստներից մեկը ողջ ամառվա ընթացքում: Լոս Անջելեսում բնակվող և ստեղծագործող դիզայները ամփոփելով տարին՝ ներկայացնում է իր աշխատանքային ձեռքբերումները և բացում է իր հաջողության գաղտնիքներից մի քանիսը...

  • www.anikoofficial.com
  • Կամո Թովմասյան

Եթե լինեք Լոս Անջելեսում, կարող եք այցելել 112 W 9th s #600 հասցեում գտնվող ANIKO ատելիե-շոուռում, որտեղ և դիզայներ Անի Հովսեփյանը ստեղծում է իր հավաքածուները: Եթե ունեք լավ կապեր այստեղ, յուրաքանչյուր տարի կարող եք հայտնվել ANIKO բրենդի նոր հավաքածուի փակ ցուցադրությանը, որը վերջին տարիներին տեղի է ունենում լոս Անջելեսի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկի` W Hollywood-ի terrace-ում:

Հայաստանից տեղափոխվելով ԱՄՆ և ուսանելով Լոս Անջելեսի Fashion Careers International-ում, երիտասարդ դիզայները որոշեց փոխանցել իր վիզուալ աշխարհայացքը բացառիկ զգեստների հավաքածուների միջոցով, որոնք կարճ ժամանակահատվածում դարձան պահանջված և Անիի համար ստեղծեցին նոր հարթակ ֆեշնի ոլորտում: ANIKO բրենդը ներկայացնում է երեկոյան և հարսանյաց զգեստների կուտյուր հավածաքու միայն կանանց և երեխաների համար: Անհատական պատվերների և միայն ձեռքի աշխատանքի յուրահատուկ մոտեցման շնորհիվ ստեղծված հավաքածուները նուրբ, գայթակղիչ և միևնույն ժամանակ համարձակ կանանց համար են, ինչպիսին հենց ինքը՝ Անին է:

Պատրաստում եմ սև սուրճս, միացնում եմ Jamiroquai-ի վերջին ալբոմը և զանգահարում եմ Անիին: Երևանում ուշ գիշեր է, Լոս Անջելեսում՝ առավոտ: Մեկ ժամ Անիի հետ զրուցելուց հետո, զարմանում եմ, թե ինչքան ուժեղ կարող է լինել հայուհին, ով օվկիանոսից այն կողմ՝ կորցնելով ամուսնուն և միայնակ մեծացնելով որդուն, հաստատուն քայլերով բարձրանում է նորաձևության տրամպլինով՝ որպես ինքնավստահ, ուժեղ և գործարար կին:

#մանկության մասին

-Փոքր հասակից հետաքրքրվում էի նորաձևությամբ: Հիշում եմ, թե ինչպես էի մայրիկիս խնդրում, ոչ թե հագուստ գնել խանութ-սրահներում, այլ պատվիրել դերձակի մոտ՝ իմ իսկ էսքիզներով. նկարում էի թղթի վրա մոտավոր թե ինչպիսի զգեստ եմ ուզում և հետո այդ ամենը պատկերավոր բացատրում դերձակին:

#բրենդի ստեղծման մասին

-Լոս Անջելես տեղափոխվել եմ մոտ 12 տարի առաջ, ամուսնուս և որդուս հետ: Ցավոք երկու տարի անց ճակատագիրն անողոք եղավ իմ հանդեպ, կորցրեցի ամուսնուս և սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ միայնակ մեծացնել որդուս, այն էլ օտար հողում: Սկսեցի զբաղվել նորաձևությամբ, ուսանելով այստեղի ամենահեղինակավոր ֆեշն դպրոցներից մեկում՝ ստեղծեցի իմ բրենդը՝ ANIKO-ն, որն արդեն մոտ 4 տարվա պատմություն ունի:

#Aniko շոուռումի մասին

-Մեր ձեռագիրը բացառիկ օրինակով couture զգեստն է, հարսանեկան զգեստը, նաև ստեղծում ենք հագուստ երեխաների համար: Չգիտեմ ինչպես Հայաստանում, բայց այստեղ հաճախորդը բավական բծախնդիր է, և յուրաքանչյուր զգեստը ստեղծվում է մեր կողմից մանրակրկիտ, դետալային աշխատանքի արդյունքում, որպեսզի նույնիսկ ամենաքմահաճ այցելուն գոհ մնա մեր աշխատանքից: ANIKO ատելիե-շոուռումը Կալիֆորնիայի ամենաֆեշն հատվածում է, 112 W 9th s #600 հասցեում: Այստեղ ստեղծագործում են մի շարք անվանի դիզայներներ, հայտնվում են միջազգային անվանի բայերներ, ֆեշնի սիրահարներ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվել է տեղծել իմ փոքրիկ աշխարհն ԱՄՆ-ի նորաձևության թագավորությունում:

#հայկական նորաձևության մասին

Հայաստանում նորաձևությունը վերջին տարիներին չափազանց մեծ քայլերով առաջ է գնում: Իհարկե հետևում եմ հայ դիզայներների աշխատանքներին, հավաքածուներին, տեսնում եմ, թե ինչքան նոր սրահներ են բացվում, ինչը հիանալի է: Վերջին շրջանում սոց-էջերով նկատում եմ հայուհիների մոտ բրենդամանիա, որն արդեն վաղուց ակտուալ չէ մեզ մոտ՝ Լոս Անջելեսում: Այստեղ կանայք կրում են այն այն հագուստը, որն իրենց հարմար է, որում նրանք վստահ են իրենց զգում, բայց ասեմ, որ մի քանի տարի առաջ այստեղ նույնպես կար բրենդամոլություն և պիտակների ընդգծման թենդենց: Ամերիկյան նորաձևությունն իհարկե տարբերվում է ոչ միայն հայկական, այլև միաջազգային տենդենցներից: Ամերիկյան նորաձևությունը երբեք եվրոպական թրենեդերին չի հետևել, այն ստեղծել է իր թրենդը:

#հաջողության մասին

Ինչպես ասում են Ամերիկայում՝ Ես workoholic եմ, օրվա ցանկացած ժամին կարող եմ թողնել գործերս ու գծագրել նոր զգեստ: Ընկերներս նույնիսկ բողոքում են, որ չափից շատ ժամանակ եմ տրամադրում աշխպատանքին ու նույնիսկ ժամանցի ընթացքում կարող եմ ներողություն խնդրել զրուցակցիցս և արագ ինչ-որ էսքիզ նկարել: Կարծում եմ, հաջողությանս պայմաններից մեկը շատ աշխատելն է և սեփական ձեռագիր ունենալը: Իհարկե ես հետևում եմ միջազգային տենդենցներին, սակայն նորաձևության աշխարհում այնքան գործ է արդեն արվել, որ եթե չձևավորես քո ձեռագիրը և մոտեցումը, դու պարզապես կդառնաս արդեն իսկ կատարված աշխատանքի կրկնօրինակողը:

#Make France Great Again զգեստի մասին

Կարծում եմ զգեստը մեծ աղմուկ բարձրացրեց տվյալ շրջանում քաղաքական խառնաշփոթի պատճառով: Make France Great Again-ը Դոնալդ Թրամփի կարգախոսի այսպես ասած ֆրանսիական տարբերակն է, որը ուղղված էր տվյալ շրջանում Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցող Մարի Լե Պենին, ով արդյունքում չհաղթեց ընտրությունների ժամանակ: Իհարկե հաճելի էր եվրոպական և ամերիկյան մամուլում ողջ ամառվա ընթացքում տեսնել ու կարդալ իմ ստեղծած զգեստի մասին քննարկումները, նաև քննադատությունները:

 #ապագա պլանների մասին

Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ բոլորիս այսօրվա աշխատանքը դա վաղվա օրվա հաջողության գրավականն է: Առջևում նոր հավաքածուներ են, նոր ցուցադրություններ,  նոր հաճախորդներ: Կարծում եմ հայուհին պետք է միշտ ինքնավստահ, անկախ և ուժեղ լինի, կապ չունի նա կողակցի հետ է առաջ շարժվում թե մենակ: Ստեղծեք ձեր աշխարհը, ձեր կարիերան և երբեք կախված մի եղեք ոչ ոքից: Հայուհին դարեր շարունակ կերտել է ուժեղ և ինքնավստահ կնոջ կերպար և մենք պարտավոր ենք հենց այդպես էլ շարունակել մեր ճանապարհը:

ANIKO

112 W 9th s #600 Los Angeles

www.anikoofficial.com

Instagram/anikoofficial

 

back-top